առավոտները գնում էր Աթանեսի երեսը թրաշելու, հավատացնում էր, թե անհյուրընկալ մարդը նույնիսկ իր «ուստային» տհաճությամբ է ընդունում։
Ավագ քահանա տեր-Սարգիսը միայն ջրօրհնեք ու զատիկ օրերը Աթանեսի տունը մտնելով, պնդում էր, թե մարդը այդ ուրախ օրերին իսկ չի ուզում ոչ ոքի ընդունել, բացի մի մարդուց, քաղաքի առաջին հարուստ մետաքսավաճառ Աբրահամ աղա Մկրտումյանից։
Ահա թե ինչպիսի մարդ էր Աթանես Ահրումյանը և ահա ինչու այդ տագնապալի պահին, երր նրա կինը գտնվում էր ծանր երկունքի մեջ, նրա հոգին խռովել էր ամբողջ մարդկության դեմ։ Մեն-մենակ նա անցնում էր սենյակից սենյակ, հառաչում, ինքն իրեն բարկանում և մերթ ընդ մերթ մոտենում էր ննջարանի դռներին ու ականջ դնում։ Նա լսում էր Գյուլումի պարբերաբար կրկնվող ճիչերը և հայհոյում էր բնության օրենքները, որ այնքան դաժան էին ծննդաբեր կնոջ համար։ Հայհոյում էր նաև ծննդկանին, որ այնքան բարձրաձայն էր ճչում արգանդի ցավերից։ Կարծես, եթե կամենար էլ կարող էր չճչալ:
Գյուլումը ծնում էր թվով երրորդ զավակը իր ամուսնության ութերորդ տարվա մեջ։ Առաջինը մեռել էր մի տարեկան հասակում։ Այդ վաղաժամ մահվան առիթով քաղաքի որոշ շրջաններում պտտում էին զանազան չար լուրեր Աթանեսի հայրական զգացման մասին։ Ասում էին, օրինակ, թե նա մի օր, կատաղության պահին այնքան է ինքն իրեն կորցնում, որ բռնելով մի տարեկան աղջկանը թևերից բարձրացնում է վեր և ձգում մոր վրա։ Մայրը գլուխը թեքում է, երեխան դիպչում է պատին և մեռնում։ Եվ պատմողները Աթանեսի այդ վայրենությունը վերագրում էին նրա ատելությանը դեպի իր զավակի սեռը։ Սակայն շատերն այդ սոսկալի մեղադրանքը համարում էին զրպարտություն, ասելով, թե, ճշմարիտ է, Աթանեսը ատում է կանանց սեռը, բայց չէր կարող այդքան անհոգի լինել իր անմեղ զավակի վերաբերմամբ։
Թե որն էր ճիշտը այդ կարծիքներից— դժվար էր որոշել: