Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդանը նստում էր նրա ուսերի վրա և պահանջում, որ իրեն զբոսեցնի։ Նա ոտներով անխնա հարվածում էր Օսմանի կողերին, փորին, փոքրիկ մտրակով զարկում էր ուսերին, կրծքին, երբեմն երեսին, երևակայելով, որ ձիու վրա է նստած։ Հպարտ լեռնականը ներքուստ վրդովվելով լուռ կրում էր այդ վիրավորանքները քրիստոնյայի զավակից։ Եթե չկրեր, պիտի զրկվեր պաշտոնից, այսինքն՝ երեք ռուբլու ամսականից և մի փոր հացից։ Նա ինքն էլ հայր էր, ուներ Վարդանի հասակակից մի տղա և երկու աղջիկ, որոնց թողել էր Դաղստանի լեռներում իրենց մոր հետ։ Նա հաճախ հիշում էր իր զավակներին և հառաչելով շփում էր կոշտացած ճակատը, որ իր ծննդավայրի ամեհի ժայռերի խորշոմներն ուներ։ Երբեմն, հոդնելով փոքրիկ բռնակալին ուսերի վրա զբոսնելուց, բաց էր թողնում նրան հարևան մանուկների շրջանը և ինքը մի կողմ քաշվելով, հսկում էր նրան։

Վարդանը մեծ մասամբ ընկերանում էր այնպիսի մանուկների հետ, որոնք բնավորությամբ հեզ էին և սիրով էին կատարում նրա կամքը, կամ թույլ էին տալիս՝ իրենց հարստահարելու։ Նրա ոսկեզօծ գոտին, սատինի բաճկոնը, մանավանդ «ապոյկա» կոշիկները փայլուն անկարուրդներով հարդանք էին ներշնչում ընկերներին, միևնույն ժամանակ գրգռելով նրանց նախանձը։ Նա շատ անգամ անպատիժ հայհոյում կամ ծեծում էր մեկին կամ մյուսին. հենվելով Օսմանի պաշտպանության վրա, իսկ երբ մեկը հանդգնում էր իր վրա ձեռք բարձրացնել, աղաղակելով վազում էր Օսմանի մոտ և այնտեղից քարեր ձգում հակառակորդի վրա։ Եվ եթե լեզգի ծառան բարեսիրտ չլիներ, կատարեր փոքրիկ բռնակալի հրամանները, բոլոր մանուկները վաղուց հաշմանդամ կլինեին, այնքան խիստ էին Վարդանի պահանջները։ Սակայն պատահում էր, որ նրան պաշարում էր մի տեսակ վեհանձնության զգացում։ Նման հազվագյուտ րոպեներին նա ընկերներին տալիս էր ծտի կտուցի չափ հալվա, մի քանի չամիչ, մի խնձոր, չորս կտորների բաժանած։

Նա միշտ գրպանում փող էր պահում ոչ ծախսելու, այլ պարծանքով ընկերներին ցույց տալու և նրանց նախանձը շարժելու համար, հակառակ իր հոր պատվերին։