Ամառվա սկզբին Օսմանը չդիմանալով շոգերին, գնաց իր հայրենիքը, աշնանը վերադառնալու պայմանով. Վարդանը մնաց անպաշտպան, կրճատեց իր հարաբերություններն ընկերների հետ, ամփոփվեց ինքն իր մեջ և ավելի սիրեց իր դրամարկղը։ Այժմ, նա մտածում էր իր գանձը ավելացնելու ուրիշ միջոցներ գտնելու։ Հոր ամենօրյա նվերը նրան թվում էր շատ քիչ, տարիներ պիտի անցնեին մինչև տուփի լցվելը:
Մի երեկո Աթանեսը տանն ինչ-որ հաշիվներ էր անում համարակալի վրա, իսկ Գյուլումը Վարդանի համար մի նոր մետաքսյա շապիկ էր կարում, երբ դրսից ներս վազեց Մարիամը և ասաց.
— Մամա, գնա տես Վարդանը թոնրատանն ի՞նչ է անում։
Մարդ ու կին հետաքրքրված գնացին թոնրատուն, և նրանց աչքերին ներկայացավ հետևյալ պատկերը. մի անկյունում Վարդանը վառ մոմը առջևը դրած, համարում էր մի բուռն արծաթե ու պղնձե դրամներ։ Նա այնքան էր խորասուզվել իր հաշիվների մեջ, որ բնավ չզգաց ծնողների ներկայությունը։ Նրա մանկական ճակատը խորշոմել էր, շրթունքները սեղմվել էին շունչը զսպելու չափ, ձեռները հուզումից դողում էին։ Համրելով բոլոր դրամները, նա ձեռը դրեց ճակատին, նայեց թոնրատան սևացած աոաստաղին — ի՞նչ սքանչելի նյութ ժամանակակից նկարչի կամ արձանագործի համար։ Հետո նորից սկսեց համրել, նորից ձեռը դրեց ճակատին, պարզ էր, որ նրա հաշիվների մեջ կար ինչ-որ անճշտություն, որ մանուկը ճգնում էր պարզել: Եվ որքան ավելի էր համրում դրամը, այնքան նրա ձեռների դողոցն ավելանում էր, ականջներն ու այտերը կարմրում էին, շնչառությունը սաստկանում էր։ Այդ յոթ տարեկան մանուկը մի խուլ անկյունում, ճարպյա մոմի աղոտ լույսի առջև, մթության ստվերներն երեսին հիշեցնում էր այն առասպելական ագահին, որ մեն-մենակ գիշերվա խորության մեջ է ստուգում իր գանձը և հրճվում մետաղի հնչյունով, որպես երաժիշտը իր հաջող ստեղծագործությամբ։ Մանուկը