տաքացրու ու կապիր վզիդ, համ չիրքը կքաշի, համ էլ ցավը կկտրի։
Այդ պահին քիթը ծուռ աշակերտը ինչ-որ բարդ սարդամորտայլ էր ուզում անել, հավասարակշռությունը կորցրեց և ընկավ հատակի վրա, բարձրացնելով ահագին աղմուկ ու փոշի։
Աշակերտները միաձայն քրքջացին։
— Այդ ո՞վ էր,— գոչեց Մարտին Բաղդանիչը,— էհե՜, էլի դո՞ւ ես, գարշելիների գարշելի՝ Մկիչ Չախմախչյան։ Դե՛հ, առաջ եկ տեսնեմ, առաջ եկ ասում եմ, սատանի՛ ճուտ։
Մկիչը կրակոտ աչքերը տեսչի երեսին հառած անշարժ նայում էր, որպես թե ինքը չէ չարություն անողը։ Նա գիտեր ինչու համար են իրեն կանչում։ Մարտին Բաղդանիչը մի ձեռը պարանոցի վրա դրած, մյուսով քանոնը բարձրացրած, մոտեցավ նրան։ Մկիչը փախավ։ Տեսուչը վազեց նրա ետևից։ Մանուկը բարձրացավ նստարանների վրա։ Տեսուչը աջողեց բռնել նրա բաճկոնի փեշը։ Սակայն Մկիչը ոստրեի պես դուրս սլկվեց, բաճկոնը թողնելով տեսչի ձեռքում և թռավ լուսամուտով փողոց։
Մի խումբ աշակերտներ տեսչի հրամանով դուրս վազեցին ոչ այնքան Մկիչին բռնելու, որքան մի քիչ ազատ վազվզելու մտադրությամբ։
— Ա՜յ, տեսնու՞մ եք, պարոն Աթանես, ինչ գազանների հետ գործ ունեմ,— գանգատվեց Մարտին Բաղդանիչը, վզի ցավից չկարողանալով իր հայացքը Աթանեսի գոտկից ավելի վեր բարձրացնել։
— Հոգիս են հանում գարշելները։ Մեր պահապան Մելքոնի որդին է, երեք անգամ արտաքսել եմ, էլի ընդունել։ Ի՞նչ անեմ, հայրը խեղճ մարդ է, գալիս է ոտներս ընկնում, աղաչում, լաց լինում։ Գազանին հազար կրթիր, գագան կմնա։ Արջն ի՞նչ գիտի, վարդն ինչ է։ Հա՛, ինչպես հրամայեցիր, սոխը կճպել, այծի ճարպը վրեն դնել, տաքացնել։ Շնորհակալ եմ։ Սու՛ս, ավազակնե՜ր․․․ լռություն։
Ներս բերեցին Մկիչին՝ մի թևից մի աշակերտ բռնած, մյուսից՝ Մելքոնը։
— Մարտին Բաղդանիչ,— ասաց հայրը,— դրա