Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

աստվածը ճիպոտն է, տուր որ կտաս, ինձ ամոթալի թողեց քո աչքում շան ձագը։

Այն ժամանակները պետական դպրոցներում ծեծը արգելված չէր, և Մարտին Բաղդանիչը ամենայն հաճույքով գործադրում էր իր իրավունքը հաստատ համոզված, որ ծեծից ավելի զորեղ կրթության միջոց չկա։ Նա Մկիչի ձեռների ափերին տվեց տասներկու հարվածներ քանոնի կողով, արտասանելով.

«Գարշելի՝ մեկ, ավանակ՝ երկու, շան ձագ՝ երեք, ավազակ՝ չորս, լիրբ՝ հինգ և այլն...»։

Մանուկը ծվծվալով գնաց իր տեղը, ձեռները ծոցը դրած, սակայն երկու րոպե չանցած՝ բաճկոնը հագավ և դեռ արտասուքը չցամաքած, սկսեց ծամածռություններ անել տեսչի, Աթանեսի և առանձնապես իր հոր ետևից։

Ծեծի տեսարանը Վարդանի վրա խոր տպավորություն գործեց։ Նա մտքում երդվեց՝ ոչ մի կերպ չշարժել տեսչի բարկությունը։

Առաջին տարին Վարդանը ուսման մեջ ցույց տվեց բավական շնորհք և աշխատասիրություն։ Սովորեց կարդալ ռուսերեն և հայերեն, նաև մի փոքր գրել։ Նա ամեն երեկո դասերը կրկնում էր հոր մոտ և արժանանում նրա գովասանքին։ Սակայն հանկարծ նրա բանականությունը կանգ առավ, ինչպես կամակոր մի էշ գետի մեջտեղում, և այլևս չէր ուզում առաջ երթալ։ Բայց և այնպես, լինելով ի բնե աշխատասեր, վերցրեց ամենակարող համբերության մտրակը և սկսեց առաջ քշել բանականությունը, անխնա հարվածելով նրան։ Եվ այն, ինչ որ ընդունակ աշակերտները յուրացնում էին ուղեղով, Վարդանը ձեռք էր բերում բառի բուն իմաստով քրտինքով։ Միայն մի առարկայում նա ցույց տվեց առանձին շնորհք թվաբանության մեջ, որի չորս կանոնները յուրացրեց բացառիկ արագությամբ։

Վարդանի դասարանական հարևանը ձախ կողմից զինագործ Կարապետի որդի Մինաս Բելանյանն էր, շեկ մազերով, հեզ, նիհար, հիվանդոտ դեմքով մի բարեսիրտ և ընդունակ մանուկ։ Հագնվում էր նա շատ աղքատ, նրա կապույտ կտավից կարած բաճկոնը կրծքի կողմում