Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարկատած էր մի քանի տեղ, իսկ նույն գույնի վարտիքն այնքան կարճ էր, որ ասուվյա կոշտ գուլպաների վերևից երևում էին նիհարիկ սրունքները։ Նա մեջքին կապած էր բրդե հաստ գոտի՝ միակ բանը, որ նրան պաշտպանում էր ցրտից։ Սակայն իր ցնցոտիների մեջ նա միշտ ավելի մաքուր էր մարմնով, քան որևէ մեկն աշակերտներից և այդ տեսակետից սևամորթ գառնուկների մեջ նա մեկն էր ճերմակներից։ Նրան բոլոր աշակերտները սիրում էին անխտիր, որովհետև երբեք ոչ ոքի անախորժություն չէր պատճառում, ոչ ոքի չէր նախանձում և ոչ ոքի չէր մերժում իր օգնությունը, եթե կարող էր որևէ բանով օգնել։ Իր համեստ նախաճաշը, որ լավագույն դեպքում բաղկանում էր նոր թխված հացից, պանրից և որևէ մրգից, երբեք մենակ չէր ուտում։ Առաջին օրն իսկ նա խոստացավ Վարդանին իր աջակցությունը դասերի վերաբերմամբ և Վարդանը սիրեց նրան ու հետն ընկերացավ, իհարկե, այնչափ, որչափ կարող էր ընկերանալ ագռավն աղավնու հետ։

Մինասի կատարյալ հակապատկերն էր Վարդանի աջակողմյան հարևանը։ Դա գդակ կարող Գալուստի որդի Մարտիրոսն էր։ Նրա հակակրելի բերանը, նեղ ճակատի տակից գողնովի նայող աչքերը, թութակի կտուցի նման կեռ քիթը արտահայտում էին կրքոտ, նախանձոտ և քսու հոգի։ Նրա ամենասիրելի զվարճությունն էր՝ միշտ կմշտել իր ընկերներին, միշտ դավաճանել նրանց, միշտ մանկական խաղերի ու կատակների մասին զեկուցանել ուսուցիչներին կամ տեսչին։ Առաջին օրն իսկ նա երկու անգամ ցավեցնելու չափ կմշտեց Վարդանին, կարծես փորձելու համար՝ արդյոք նորեկի մարմինն իր հարևանությանը դիմանալու չափ ամո՞ւր է։ Վարդանը ոչինչ չասաց, բայց մտքում որոշեց զգույշ լինել նրա հետ։

Այժմ Աթանեսը հրամայել էր որդուն ամեն օր դասերից ու ճաշից հետո գալ խանութ։ Նա ուզում էր Վարդանին փոքր առ փոքր ծանոթացնել առևտրական գործերին։

Խանութը գտնվում էր Զիլզիլ քաղաքի վարի մասում, մի ծածկված քարվանսարայի մեջ։ Այդ մի ոչ այնքան ընդարձակ սրահ էր երկու մասերի բաժանված։ Ետևի մասը