ծաղրել էր, անվանելով նրան «փորսող»։ Ոխը մնացել էր Վարդանի սրտում։ Մի օր Լևոնը մոռացել էր տնից նախաճաշ բերել։ Վարդանը իր հացը բաժանեց երկու մասերի, մեկի վրա դրեց մի քիչ խավյար ու ասաց. «Ա՛ռ, կեր, ես քեզ հյուրասիրում եմ»։ Հազիվ Լևոնը ձեռքը պարզել էր, Վարդանը հացը ձգեց կեղտոտ ավազանի մեջ, ասելով. «Եթե քաղցած ես, կարող ես վերցնել և ուտել»։ Հետո սկսեց իր բաժինը ուտել, անոթի ընկերոջ ախորժակն ավելի բորբոքելու համար։
Մի օր նա ուսումնարան բերեց տասը հատ փայտյա գեղեցիկ գդալներ։ Օսմանը շնորհքով մարդ էր․ նա էր շինել այդ գդալները։ Որպեսզի քիթը ծուռ Մկիչը չխանգարի իրան, գդալներըց մեկը նվիրեց նրան և չարաճճին ինքը հանձն առավ վաճառել «ապրանքը»։
— Մածուն ուտելու գդալ ո՞վ է ուզում, հատը երեք կոպեկ,— գոռում էր նա բակում վազվզելով։
Մինչև դասերի վերջը, նա բոլոր գդալները վաճառեց և դրամը լիովին վճարեց Վարդանին։
Զատիկ օրը Աթանեսը Մարտին Բաղդանիչի համար ուղարկեց մտքում խոստացած մի գլուխ շաքարն ու մի ֆունտ թեյը, ավելացնելով վեց հատ թաշկինակ։ Հետո ինքը բարեհաճեց անձամբ գնալ տեսչի մոտ՝ տոնը շնորհավորելու՝ միակ այցելությունը, որ այդ օրն արավ, բացի, իհարկե, Աբրահամ աղայից։ Մարտին Բաղդանիչը նրան ընդունեց խորին հարգանքով և բարեկամաբար կշտամբեց.
— Թող աստված վկա լինի,— ասաց նա,— որ ես նվերդ չէի ընդունիլ, եթե իմանայի, որ ինձնից չես վիրավորվիլ։
— «Սուտ ես ասում, անիրավ»,— պատասխանեց մտքում Աթանեսը, մի թունդ հիշոց ավելացնելով։
Խոսեցին Վարդանի մասին։
— Աչքիս լույսի պես եմ սիրում,— ասաց մարտին Բաղդանիչը,— շատ խոնարհ տղա է, արարքներից երևում է լավ օջախի զավակ լինելը։ Մինչև օրս մի անգամ էլ չեմ ծեծել, իսկ ես, ինչ մեղքս թաքցնեմ, սիրում եմ մեկ-մեկ ծվծվացնել աշակերտներիս։ Շատ էլ աշխատասեր է, Պողոս-Պետրոսը