Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վկա։ Պաժալստա, ծխեցեք, երևելի թյություն է, Սամսոնի իսկական դյուբեկ է, աշակերտներիցս մեկի հայրն է ինձ ուղարկել։ Չէ, աստված պահի, լավ որդի ունեք, իսկ ընկերների հետ չի կռվում, ուրիշներն էլ կռվելիս քաշվում է մի կողմ, մտիկ անում։ Եթե միմյանց մորթեն էլ, չի մոտենալ։ Իսկ երբ իրեն դիպչում են կամ հայհոյում, իսկույն գալիս է ու ինձ գանգատվում։ Հավանվեցի՞ք թյությունը, շատ լավն է։ Հա՛, չմոռանամ ասել, վզիս խոցը լավացավ, Վարդանն ասած կլինի, ձեր դեղն օգնեց երեք օրում։

Դռների մոտ իր հյուրի ձեռը մի քանի անգամ սեղմելով՝ անփույթ եղանակով ասաց․

— Լաջվերդի գույնի մահուդ ունե՞ք։

— Կգտնվի։

— Պաժալուստա, մի բրյուկացու կտրեցեք, տվեք Վարդանին բերի, փողը նաղդ կտամ։ Բրյուկիս քամակը մաշվել է, ա՜յ, տեսեք, ամոթ չլինի...

Եվ Մարտին Բաղդանիչր, երեսը դարձնելով, հետ արավ մունդիրի փեշը և ցույց տվեց պանթալոնի մաշված տեղը։

— Աչքիս վրա,— ասաց Աթանեսը, իսկ մտքում ավելացրեց․ «Քո էլ, շալվար կարողիդ էլ յոթը պորտը... լիրբը չի ամաչում, քամակն է ինձ ցույց տալիս․․․»։

III

Մի օր բարի Մինասը դարձավ Վարդանի․

— Մեր տուն կգա՞ս։

Վարդանը տատանվեց անմիջապես պատասխանելու։ Ամաչում էր ասել, որ հայրը պատվիրել է ոչ ոքի հետ մոտիկ բարեկամություն չունենալ, մանավանդ մի ինչ-որ զինագործի որդու հետ։

— Որ ձեր տուն գամ, ինձ ի՞նչ կտաս։

— Ինչ կտա՞մ,— արտասանեց Մինասը, չգիտենալով ինչով կարող է գրավել վաճառականի որդուն,— մածուն սիրո՞ւմ ես։ Մենք մի լավ կով ունենք, մայրս է կթում, ամեն օր մենք ուտում ենք մածուն, թանով, կաթնով։ Սիրու՞մ ես։