— Ես սեր եմ սիրում։
— Սե՞ր, հա՛, համեղ բան է, բայց մայրս մեզ սեր չի տալիս։ Կարագ է պատրաստում ու ծախում։ Լավ, կասեմ մորս, որ վաղը քեզ համար սեր պատրաստի։ Կգա՞ս։
Վարդանն այլևս չկարողացավ իրեն զսպել ու ասաց․
— Բայց ես քո ընկերը չեմ։
— Ինչո՞ւ։
— Հայրս ասում է, վաճառականի որդին իրան պետք է հպարտ պահի, ամեն մեկի հետ չընկերանա։
— Հա՜ա՜,— արտասանեց Մինասը անգիտակցաբար նայելով Վարդանի ոսկեզօծ գոտուն ու փայլուն կոշիկներին, կարմրեց,— ես չէի իմանում։ Այդ մասին ավետարանում գրվա՞ծ է։
— Ավետարանն ի՞նչ գործ ունի այստեղ։
— Ինչպես չէ, հայրս ամեն երեկո կարդում է ու ասում «Ամեն օրենք ու հավատ ավետարանից է գալիս»։ Ուրեմն մեր տուն չե՞ս կարող գալ, ամո՞թ է, ափսո՜ս․․․
Սակայն Վարդանը չէր ուզում վիրավորել բարեսիրտ դասընկերոջը, որ ամեն օր նրան օգնում էր դասեր սովորելուն ուստի հարցրեց․
— Ձեր կովը հորթ ունի՞։
— Իհարկե, ունի։ Մի շատ սիրուն, չաղ հորթ է։ Ամեն օր ճաշից հետո տանում եմ նրան քաղաքից դուրս արածացնելու։
— Ասում ես էգուց կիրակի՞ է։
— Կիրակի է։
— Մեր խանութը փակ է լինելու, դաս չկա, տեսնենք, կարելի է, որ գամ։
— Շա՛տ լավ,— ուրախացավ Մինասը,— ուրեմն մայրիկիս կասեմ, որ քեզ համար սեր պահի։
— Հապա ինձ չե՞ս կանչում,— մեջ մտավ նախանձոտ Մարտիրոսը, որ լսել էր այդ խոսակցությունը։
— Դու առանց կանչելու էլ, ամեն օր գալիս ես,— պատասխանեց Մինասը։
— Թող էգուց չգա,— շշնջաց Վարդանը Մինասի ականջին։