Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհուրդներով։ Միքայելի այժմյան կենցաղն արժանի է խորին պարսավանքի. այդ կյանք չէ, որ նա վարում է, այլ հոգեկան սնանկություն, բարոյական անկում, մարմնի քայքայում։ Թո՛ղ նայե Միքայելը հայելուն։ Այդպես շարունակել չի կարելի, այդ վիրավորանք է գերդաստանի պատվին։

— Վերջապես, մենք չունենք բարոյական իրավունք հանգուցյալի դառը քրտինքով ձեռք բերած հարստությունը ծովը թափելու մեր հաճույքի համար։

— Դառը քրտինքո՜վ,— կրկնեց Միքայելը կծու հեգնությամբ.— դու համոզվա՞ծ ես, որ մեր հայրն իր միլիոններն արդար ճանապարհով է վաստակել։

— Մի՞թե դու համոզված չես,— գոչեց Սմբատը զարմացած։

— Ե՞ս։ Ես համոզված եմ, բայց դու— ո՛չ։

— Ի՞նչ ես ուզում ասել։

— Այն, որ դու մտքումդ մեր հորը համարում ես հարստահարիչ և չես խղճահարվում գալ տիրանալ նրա հարստությանը։

— Միքայե՜լ։

— Զո՜ւր ես վիրավորվում։ Կամենաս ցույց կտամ Մոսկվայից գրած նամակներդ այն օրից, երբ հանգուցյալը քեզ զրկեց թոշակից։ Դու գրում էիր, թե մեր ժամանակում արդար աշխատանքով երբեք չի կարելի հարստանալ։ Դու մեղադրում էիր մեր հորը՝ աշխատավորներին հարստահարելու, ագահության և Ժլատության մեջ, իսկ ես պատասխանում էի, թե Մարկոս Ալիմյանի հարստությունն ուրիշների քրտինքի արդյունքը չէ, այլ բախտի բերմունք, բնության մի պարգև, վիճակախաղ... Ես պաշտպանում էի, դու՝ հարվածում էիր. ասա՛, այժմ ո՞վ է մեզանից ավելի արժանավոր ժառանգ, ե՞ս՝ իմ շռայլ ու զեխ աննպատակ կյանքով, թե՞ դու՝ քո տնտեսական աշխարհայացքով և գրքերից քաղած փիլիսոփայությամբ։

— Չգիտեմ, գուցե ավելի դու, քան ես...

— Այո , ես։ Թո՛ղ, ուրեմն, որ ես օգտվեմ նրա հարտությունով. հեռացի՛ր գործերից, հանձնելով ինձ հարստահարությամբ և կեղեքումով դիզված հարստությունը։ Դու