Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսում ունիս, ես թերուս եմ, դու խելոք ես, ես հիմար, դրամը հիմարին է հարկավոր, խելոքն ինքը կարող է վաստակել։ Ահա պարծենում ես քո պարկեշտությամբ ու ժուժկալությամբ, բայց մոռանում ես քո և իմ պայմանները կյանքի։ Տասներկու տարեկան էիր, երբ հեռացար վատ շրջաններից, գնացիր Մոսկվա։ Այնտեղ դու ապրել ես ընտիր ընտանիքներում, կրթվել ես լավագույն ուսուցիչների ձեռքի տակ, համալսարան ես մտել և ավարտել։ Իսկ ինձ պահել են այստեղ, այս ապականված քաղաքում և քո պատճառով զրկվելով բարձր ուսումից, ընկել եմ վատ միջավայր․․․

— Իմ պատճառո՞վ,— ընդհատեց Սմբատը։

— Այո՛, մի՞թե չգիտեիր։ Այն օրը, երբ մեր հայրն իմացավ, որ դու միացել ես մի օտարուհու հետ, երդվեց մյուս որդիներին ոչ միայն Ռուսաստան չուղարկել, այլև իր աչքից չհեռացնել։ Ահա ինչո՛ւ ես զրկվեցի այն առաքինությունից, որով այսօր պարծենում ես։ Այո՛, այո՛, դու խելոք ես, դու ունիս բարձրագույն ուսում, դու քեզ կարող ես ապահովել քո արդար աշխատանքով, իսկ ես չեմ կարող, որովհետև տգետ եմ, հիմար և աշխատանքի անընդունակ։ Ինձ, և ոչ թե քեզ է վայել շռայլել ուրիշների քրտինքով վաստակած հարստությունը։

— Բայց ես պարտավոր եմ անել այն, ինչ որ կտակել կ մեր հայրը։

Միքայելը բարձրաձայն ծիծաղեց։

— Պարտավո՜ր եմ անել այն, ինչ որ կտակել է մեր հայրը,— կրկնեց նա, ձեռները իրարու զարկելով և գլուխն աջ ու ձախ երերելով,— ա՛յ ա՛յ ա՛յ. ի՜նչ գովելի հնազանդություն, ի՜նչ զմայլելի առաքինություն։ Պարտավո՜ր ես, ուրեմն կատարի՛ր նախ և առաջ հորդ կտակի գլխավոր կետը. բաժանվի՛ր կնոջիցդ ու երեխաներիցդ...

— Այդ քո գորձը չէ:

— Թո՛ղ այդպես լինի. եթե կամենաս, ես այլևս չեմ խոսիլ այդ մասին, բայց միայն մի պայմանով, որ դու էլ ինձ չձանձրացնես քո հորդորներով ու խրատներով, որոնք ոչ մի արժեք չունեն ինձ համար։