Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սահակ, դրանց համար չարժե երգել, գնանք, դու կերգես Մինասի և ինձ համար։ Ադա, հուռռա՜, Մոլլա-Ղանին եկավ,— ավելացրեց և, փայտը բարձրացնելով, վազեց բլրից ցած։

Խումբը հետևեց նրան։

Մի գլուխ շաքարն ու մի ֆունտ թեյը անօգուտ չանցան Աթանեսի համար։ Մարտին Բաղդանիչը Վարդանին փոխադրեց երկրորդ բաժանմունք։ Հաջորդ դասընթացին Աթանեսը, թեև հայհոյանքներով, կրկնեց իր տուրքը նոր տարի օրը, և Վարդանը հռչակվեց ոչ միայն առաջադեմ, այլև օրինակելի աշակերտ ու «աննման տղա»։

Այն օրը, երբ Վարդանը ստացավ տարեկան վկայականը, ուսումնարանից ուղղակի խանութ վազեց՝ ուրախ լուրը մորից առաջ հորը հաղորդելու։ Նա գիտեր, որ այդ բանը նրան դուր կգա, և չսխալվեց, Աթանեսը մի թեթև ապտակ տվեց նրան․ այս էր մարդու ամենաջերմ փաղաքշանքը։

— Ի՞նչ ես բաշխելու ինձ,— հարցրեց Վարդանը, որ երբեք ոչ մի ծնողական գուրգուրանք չէր գնահատում առանց իրական կաշառքի։

— Իրիկունը կիմանաս։

Կեսօրից մինչև երեկո — դա մի հավիտենականություն էր տասներկու տարեկան մանկան համար։ Վերջապես Աթանեսը տուն վերադարձավ, թե խմեց, կնոջն ու որդուն կանչեց իր մոտ, գրպանից դուրս բերեց մի կաշվե փողաման և, տալով Վարդանին, ասաց․

— Այ ինչ եմ բաշխելու քեզ։

Ինչ հիասթափում, միայն այսքա՞նը։ Վարդանը քիչ մնաց արտասվեր։

— Չհավանեցի՞ր, բաց արա, տեսնենք։

Այն, ինչ որ Վարդանը գտավ փողամանի մեջ, կարող էր նրան խելագարեցնել, եթե չլիներ այնքան գործնական և ինքնազուսպ։

— Ի՞մս է այս,— հարցրեց նա,— մի հարյուրանոց թղթադրամ դուրս բերելով փողամանից։

— Քոնն է։ Հիմա դախլդ բեր, տեսնենք նա ինչ է ասում։ Այս անգամ տուփի մեջ երևաց հարյուր քսան ռուբլի։