Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այս էլ քոնն է, գումարը երկու հարյուր քսան ռուբլի է,— ասաց Աթանեսը,— քաղաքի մի ծայրից մինչև մյուսը փնտրես, ոչ մի քո հասակի տղա չես գտնիլ, որ այդքան փող ունենա։ Արի, որդի, այս փողերով Մարիամի հարսանիքը կատարենք,— փորձեց նա իր որդու սերը դեպի սեփականությունը, ձեռով բոթելով կնոջը։

Վարդանը, որի ուրախությունը հասել էր իր գագաթնակետին, կրծքի խորքից ճիչ արձակեց ու մնաց քարացած, այնքան անսպասելի էին նրա համար հոր վերջին խոսքերը։

— Այո, որդի,— մեջ մտավ Գյուլումը,— թող ուրիշները զարմանան ու նախանձեն, որ դու քո աշխատած փողերով քրոջդ պսակեցիր։

Եթե Վարդանը լռեց հոր առաջ, այդ չէր նշանակում, թե նույն լռությամբ պիտի ընդուներ մոր հարվածը։ Նա ոտքի ելավ և, ոտները հատակին զարնելով, աղաղակեց․

— Չեմ ուզում, չեմ ուզում, տվեք ինձ իմ փողերը։

Մարիամը, որ սենյակի մի անկյունում նստած, վկա էր այդ տեսարանին, հեկեկաց և դուրս վազեց։

— Որդի, ուրեմն փողը քրոջիցդ ավել ե՞ս սիրում։ Ամոթ է։

— Լավ, թող երեխային հանգիստ,— գոչեց Աթանեսը,— ես կատակ էի անում։ Մի՛ վախենար, որդի, քո փողերին ոչ ոք չի կարող դիպչել։

Իր հոգու խորքում նա ուրախ էր, որ զավակն այդ հասակում արդեն այդչափ փարում է տիեզերքի առանցքին։ Այդ կնշանակե, որ նա երբեք անոթի չի մնալ, փողը նրա մոտ է վազում, ով սիրում է նրան իր աչքի լույսի պես։

Որոշվեց Վարդանի դրամագլուխը թողնել հոր մոտ։ Աթանեսը իր հաշվեմատյանում կունենա առանձին էջ Վարդանի անունով և կշահագործե նրա համար։

Օրիցօր դրամագլուխը ավելացնելով Վարդանը քանի գնում այնքան ավելի դառնում էր համարձակ, ինքնավստահ։ Նրա փոքրիկ գլուխը շարունակ խորհում էր միայն ու միմիայն եկամտի նոր աղբյուրներ գտնելու մասին և երբեմն իր խորհուրդներով համարձակվում էր խառնվել նույնիսկ հոր գործերի մեջ։