Մի օր նա հարցրեց․
— Հայրիկ, աշխարհի երեսին ամենից մեծ վաճառականը ո՞վ է։
Աթանեսը առանց տատանվելու պատասխանեց․
— Մարոզովը։
— Էլ նրանից հարուստ մարդ չկա՞։
— Կա։
— Ո՞վ է։
— Մի ջհուդ։
— Ի՞նչ է այդ ջհուդի անունը։
— Ուռշիդ․․․
— Հայրիկ, Ուռշիդն ինչքա՞ն փող ունի։
— Դժվար է ասել, նրա հարստությունը չափ չունի, ինչպես ծովի ավազը։
— Բայց ինչո՞վ է նա այդպես հարստացել։
— Խարթութով,— պատասխանեց Աթանեսն ամենայն լրջությամբ։
— Բա՜ա,— զարմացավ Վարդանը։
— Պատերազմի տարին Ուռշիդի պապը խարթութով ներկել է ջուրը և գինու տեղ ծախել զորքին։
— Ուրեմն մարդկանց խաբել է, գողություն է արե՞լ։
— Լավ լսիր, տղաս, վաճառականության մեջ գողություն կամ խաբեբայություն չկա, խելք կա և խելոքն էլ նա է, որ ջուրը գինու տեղ է ծախում, պղինձը ոսկու տեղ։
— Որտե՞ղ է այժմ այդ Ուռշիդը։
— Ֆռանգստանում։
— Մարդ գիտենար նա ինչ է ուտում։
— Կերակուրն ես ասո՞ւմ։ Նրա սիրած ուտելիքը տապակած գորտն է։
— Գո՞րտը,— գոչեց Վարդանը, իր ականջներին չհավատալով։
— Հրամանքս, գորտ։ Ասում են Ֆռանգստանում բոլոր մեծամեծները տապակած գորտ են ուտում, այս պատճառով էլ այնտեղ գորտը թանկ արժե, հատը մի ոսկի։
— Հատը մի ոսկի,— կրկնեց Վարդանը,— ուրեմն,— ավելացրեց մի փոքր մտածելուց հետո․․․