Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետո բազմեց մինդարի վրա և, ոտները ձգելով, ավելացրեց․

— Աբրահամը ոչ աստված ունի, ոչ հավատ, ոչ ամոթ, ոչ նամուս։ Նա շուն է, շնից լիրբ, նա գազան է, գազանից անխիղճ։ Եղբայրն եղբոր այնքան չէր հավատում, ինչքան ես էի հավատում անիծվածին։

Նա լռեց, գլուխը թեքեց կրծքին և, կարծես․ ինքն իր հետ խոսելով, շարունակեց․

— Վեց հազար հինգ հարյուր մանեթի տեղ երկու հազար վեց հարյուր, ինչո՞ւ․ ի՞նչ օրենքով, ո՞ր ավետարանումն է գրված դա, ո՞ր օրենքում, ո՞ր կրոնում, ո՞ր ազգի մեջ։

— Իմ փողերն է՞լ են կորչում,— հարցրեց Վարդանը սրտի տրոփյունով։

— Քոնն էլ, իմն էլ, Մարիամինն էլ։ Աստված խելքս առավ և աղբի մեջ գցեց։ Լավ է եթե չոր տափի վրա չմնամ, բայց կմնամ, կմնամ, նա մանեթին քառասուն կոպեկ էլ չի տա, գիտեմ չի տա, նա բոլորը կկլանի․․․

Նա դարձյալ կատաղեց, միայն այս անգամ անզոր կատաղությամբ։ Նա գդակը գլխից վերցրեց, ձգեց հատակի վրա և ասաց․

— Կոխոտիր գդակս ոտներիդ տակ, որդի, կոխոտիր, ես արժանի եմ։ Ի՞նչ, ես չկարողանա՞մ այդ թոկից փախած ավազակին խեղդել ու շանսատակ անել։ Երեկ երեկո ես, ինքս ինձ մոռանալով, մի բռունցք տվեցի նրա քիթ-պռունգին, այսօր զղջում եմ։ Դա վախկոտություն է, Վարդան, գա տղամարդկություն չէ։ Տղամարդն իր արածից չպիտի ամաչէ ու չպետք է զղջա վախկոտ կատվի պես։ Բայց, ի՜նչ արած, վիզն իմն է, թոկը նրա ձեռքում, էլի ես պետք է խոնարհվեմ․․․

Եվ այն մարդը, որ քառասուն ու յոթամյա կյանքում միայն երեխա տարիքում էր լաց եղել, արտասվեց։

Վարդանը վերցրեց գդակը, թափ տվեց և դրեց նրա գլխին։ Նա լուռ էր, չգիտեր ինչպես և ինչ խոսքով մխիթաբեր ու հանգստացներ մարդուն։ Մինչև այդ օրը նա իր հորը համարել էր ամենազոր և անխոցելի, այժմ, տեսնելով նրա ներկա խեղճ վիճակում, կարեկցության հետ զգաց և