մի տեսակ խուլ արհամարհանք։ Մի՞թե դա այն մարդն է, որի հոնքերի կիտումից անգամ սարսափում էին նրա մերձավորները։ Նա կամեցավ այդ ասել իր հորը, բայց չհանդգնեց, բարվոք համարելով լռել և հեռանալ։
Երեկոյան Աթանեսը, խանութը փակելով, բանալիները տվեց Վարդանին և ինքը գնաց Աբրահամին տեսնելու։ Այդ այցելությամբ նա կամենում էր մի կերպ մեղմացնել իր բռնուցքի տպավորությունը, և սխալվեց։ Հայտնվեց, որ Աբրահամը այն անձանցից չէ, որոնք անարգանքը դյուրությամբ են ներում։ Ընդհակառակը, օգտվելով Աթանեսի խոնարհումից, նա այս անգամ մերժեց մանեթին նույնիսկ քառասուն կոպեկ տալը և դուրս արավ նրան, ասելով․
— Երեկ դու, այսօր ես։ Գնա գանգատվիր, ինչ որ օրենքը վճռի, այն կստանաս․․․
Երբ Աթանեսը տուն եկավ, Վարդանը, որ անհամբեր սպասում էր նրան, նայեց երեսին և ամեն բան հասկացավ առանց խոսքերի։
— Որդի,— ասաց հայրը ներս մտնելուն պես,— նա չի ուզում ոչինչ տալ։ Նա ինձ ավելի անարգեց, քան ես երեկ։ Խփե՞լ։ Ոչ, չհամարձակվեց։ Եթե ձեռք բարձրացներ, երկուսիցս մեկը պիտի տեղն ու տեղը շանսատակ լիներ։ Բայց այդ ոչինչ, բանն այդ չէ․․․
Եվ նա, մի փոքր շունչ առնելով, շարունակեց․
— Լսիր, որդի, եթե դու իմ հարազատ զավակն ես, եթե քո արյունն իմ արյունից է, քո ոսկորն իմ ոսկորից, եթե քեզ կին է ծնել և ոչ թե շուն ցգնել, այսօրվա օրը չպիտի մոռանաս։ Աստված գիտե, այս անպատվությունը կտանեմ, թե չէ, բայց վերջս այսպես թե այնպես մահ է։ Ի հարկե, ես ձեռքիցս եկածը պիտի անեմ Աբրահամից վրեժս առնելու, բայց դա քիչ է, իմ մեծ հույսը քեզ վրա է։ Հասկանո՞ւմ ես․ խոսքս Աբրահամի զավակների մասին է։ Դու կարող ես մի օր հարստանալ և անպատճառ կհարստանաս, ես այդ զգում եմ, նայելով քո աչքերին, տեսնելով քո վարք ու բարքը, քո խելքի զորությունը, քո համբերությունը, քո աչքաբացությունը։ Երբ դու կմեծանաս, կզորանաս, երբ մարդիկ կսկսեն քո առաջ խոնարհվել, քեզ շողոքորթել, թող քո որդիական պարտականությունը