նրանց փոխարինում էր յուղած թուղթը։ Ջախջախված և տեղ-տեղ կարկատված դուռը հիշեցնում էր մուրացկանի ցնցոտին։
Այցելուների համար երեք պատերի երկայնությամբ շինված էր փայտյա միապաղաղ նստարան։ Դա էր սափրատան ամբողջ կահ-կարասին, եթե չհաշվենք մի հնադարյան բազկաթոռ երկու փութ ծանրությամբ։ Այդ եռանկյունի կազմող նստարանի վրա արվարձանի անգործ կամ ծույլ բնակիչները, որը ծալապատիկ նստած, որը ոտները կախած, որը կկզած, վերջապես կողքի վրա պառկած, քննում ու քննադատում էին քաղաքի խոշոր ու մանր դեպքերը սափրիչ Պողոսի մկրատի չխկչխկոցի ներդաշնակությամբ։ Դա մի ինքնատիպ կլուբ էր, ուր շատ անգամ շոշափվում էին բարձր նյութեր— քաղաքական, պատերազմական, ավելի հաճախ՝ կրոնական։ Իսկ երբ խոսելու նյութը սպառվում էր, կլուբի անդամները զվարճանում էին կատակներով, սրախոսություններով, փոխադարձ ծաղակոծությամբ, չարաճճի մանուկների պես միմյանց վրա ջուր թափելով, իրար բոթելով, կմշտելով և հըռհըռ բարձրաձայն քրքջալով։
Օրը կիրակի էր, եղանակը ցուրտ, խոնավ, անախորժ։ Սափրատան մեջտեղում, աղյուսի հատակի վրա դրած «մանղալում» մխում էր ածուխը փայտի կտորների հետ, ծուխը զարնելով ներկա եղողների դեմքերին, և ոմանց աչքերից արտասուք կորզելով։ Տիրում էր արտաքո կարգի աշխուժություն։ Լուրը բերել էր ինքն ուստա Պողոսը։ Դա վերին աստիճանի խոշոր, հետաքրքրական և միանգամայն անսպասելի ու չտեսնված նորություն էր Զիլզիլ քաղաքի համար։
Աբրահամ աղա Դալբաշյանը սնա՞նկ — քաղաքի առաջին վաճառակա՞նը, ամենքի նախանձի առարկա՞ն, հարգանքի և ատելության կենտրո՞նը, հասարակության ամենամեծ սյուներից մե՞կը, վերջապես, տեղական հոգևորականության երկրորդ աստվա՞ծը։ Ինչպե՞ս այդ «խելքի ծով» և զգաստության տիպար մարդը չկարողացավ տանել իր գործերը։ «Ո՛չ, ո՛չ, այդ անհավատալի է, անշուշտ, մեջտեղ «մի «և» կա»։