Եվ այդ «և»-ի մասին առաջին կասկածը հայտնեց նախկին մանրավաճառ, այժմ անգործ Բունիաթը, որի ածականն էր «Հաբաշի տղա»։
— Ուստա Պողոս,— դարձավ նա սափրիչին,— խոսքդ թամամցրու, տեսնենք։
Նա խորամանկ էր, զգում էր, որ Պողոսն ավելի գիտե, քան ցույց է տալիս, միայն չի կամենում բոլորը միանգամայն ասել։ Ամբողջ ժողովն իր հայացքը հառեց ուստա Պողոսի բերնին։ Եվ ուստան, ունկնդիրների հետաքրքրությունն ավելի գրգռելու համար, նախ հազաց, ծխից արտասվող աչքերը սրբեց, ապա դուրս բերեց գոտիից քաշ արած բազմաթիվ ածելիներից մեկն ու սկսեց սրել, քսելով մեջքին կապած կաշվե սրոցին։
— Աբրահամ աղան,— արտասանեց նա վերջապես, կարելույն չափ իր բութ դեմքին խորհրդավոր լրջություն տալով,— այսօր չէ, որ կոտր է ընկնում։ Մոտ մի տարի է, որ նրա ջուրը պղտորվել է, միայն շատ քչերն են, որ գիտեին այդ բանը,— ավելացրեց նա ինքնագոհ ժպիտով, որ կնշանակեր, թե մեկն էլ այդ քչերից ինքն է։
— Պատճա՜ռը, պատճա՜ռն ասա,— գոչեցին այս ու այն կողմից։
— Պատճա՞ռը, հըը, պատճա՞ռը։ Մարդ է էլի, մեծ մարդ, ամեն մի մեծ մարդ իր կամքն ունի։
— Օրինակ, ինչպե՞ս։
— Էհ, բան է էլի,— պատասխանեց Պողոսը, աչքի տակով խորամանկորեն նայելով նախկին մանրավաճառ Բունիաթի երեսին, որ նրա կարծիքով ամենից լավ հասկացող ժողովականն էր,— ասում են հիմա կոտր ընկնելն էլ մոդա է, ինչպես ֆոտոգենի ճրագը։ Մոդան սկսվել է Թիֆլիսից ու եկել է մեր կողմերը Ղարաբաղի կողմերով։ Գոհանամ զքեն, տեր, մարդ կա, որ իր մարդկությունը չի մոռանա հազար ոսկով էլ, մարդ էլ կա, որ փողի համար հոգին սադայելին կծախի․․․
Արտահայտելով այս խորին փիլիսոփայական միտքը, ուստա Պողոսն ածելին դրեց տոպրակի մեջ, դուրս բերեց երկրորդը և շարունակեց սրել ավելի մեծ եռանդով։