մահից հետո այդ կինն ընկնելու է որդու վզին, ինչպես մի ծանր, անտանելի լուծ։ Արի ինքդ ապրիր, նրան կերակրիր և քեզ համար ապագա վաստակիր։ Ահ, մայրե՜ր, մայրե՜ր, ինչի՞ եք դուք պետք այն օրից հետո, երբ ծնել, սնել ու մեծացրել եք ձեր զավակներին։ Ուրիշ ոչինչ, եթե ոչ նրանց հոգսերն ավելի բարդացնելու և կյանքն ավելի դժվարացնելու համար։
Այս վերջին միտքը Վարդանի գլխով անցավ վայրկյանաբար, որպես կայծակ։ Նա կանգ առավ նրա վրա և աշխատեց վանել իր գլխից, նման ոճրագործին, որ խուսափում է ոճիրի երևույթից։
Դեռահաս, բայց արդեն բավական կարծրացած կրծքի տակ բարձրացել էր անսովոր փոթորիկ, վառ-պատանեկան, բայց արդեն բավական պիրկացած սիրտն ալեկոծվում էր։ Նա մտածեց վրիժառության մասին և եղավ վայրկյան, երբ նա երկու ձեռներով ճանկեց գլխի մազերն ու ձգձգեց ամբողջ ուժով։ Կարծես, այդ խիտ ու ձիու բաշի չափ կոշտ մազերի մեջ էր նստած Աբրահամն իր բոլոր մերձավորներով, իր նախնիքներով, իր ներկա և ապագա սերունդներով։
Հազիվ նա փողոց էր դուրս եկել, լսեց իր անունը։ Դարպասի հետևից, թանձր մառախուղի միջից հայտնվեց մի նիհար կերպարանք։
— Ես եմ, մի վախենար,— լսվեց մի պատանեկան մեղմ ձայն։ Ձեռները ցրտից կռնատակներին դրած, ամբողջ մարմնով դողալով, Մինասը մոտեցավ Վարդանին։
— Հայրդ ինչպե՞ս է,— հարցրեց նա։
— Մեռնում է։
Մինասը մի ցավակցական ճիչ արձակելով, մի քայլ հետ կանգնեց։ Խավարի մեջ մահվան լուրը նրան թվաց սարսափելի։ Նա անկեղծորեն վշտացավ։
— Օօ՜ , դու մենակ կվախենաս,— ասաց նա կարեկցությամբ,— ես քեզ հետ կգամ տերտերի մոտ։ Գիտես, մի ժամ կլինի կանգնած էի դարպասի մոտ, սպասում էի մի դուրս եկողի, որ հորդ դրության մասին հարցնեմ։ Հայրս է ինձ սւղարկել։
—Ինչո՞ւ ներս չմտար։