Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՛չ, ո՛չ, այդ անտանելի է, վիրավորական, այդ մի հարված է Միքայելի համար, որին նա չի կարող հանդուրժվել։ Ի՞նչ պիտի ասեն նրա ընկերներն ու բարեկամները։ Մի՞թե իրավունքը չեն ունենալ նրան ծաղրելու ու ծաղրակոծելու։ Ո՛չ, ո՛չ, նա չի կարող լուռ ու մունջ հպատակվել մեծ եղբոր կամքին, նա հավասար ժառանգ է։ Ի՞նչ անմիտ կտակ։ Նրանից պահանջում են փոխել իր կենցաղը, ապրել մի կիսացնոր ծերունու ճաշակով, ամուսնանալ մի ինչ-որ հայ աղջկա հետ՝ իր ժառանգական իրավունքներին տիրանալու համար։ Ամուսնանալ մեր ժամանակներում, երբ բոլոր նրա ընկերներն ամուրի և ազատ են, երբ ամուսնացածները բացարձակ զղջում են, ինչպես օրինակ՝ Մելքոն Ավրումյանը և ուրիշ շատ շատերը։ Ինչո՞ւ համար մի ծանր լուծ վերցնե իր վզի վրա, որ ավելորդ բերաննե՞ր աշխարհ ձգե, որ ամեն օր լսե՝ «պապա, պապա», այդ հիմար, ծիծաղելի բառը, որ այնքան հաճելի է տափակ գլխի տեր մարդկանց և այնքան ձանձրալի նրանց համար, որոնք ճաշակ ունին կյանքի բարիքները վայելելու՝ իրենց ազատությունը պահելով։ Ո՛չ, Միքայելն այժմ անկախ է, ազատ և ուզում է այդպես մնալ։ նա ամուրի կյանքից դեռ չի կշտացել։

Այս խորհրդածության մեջ Միքայելն զգում էր, որ օր-օրի վրա իր սրտում զարգանում է ատելույթունը դեպի Սմբատը: Եվ նա ծրագիրներ էր հորինում՝ որևէ միջոցով ազատվելու համար ավագ եղբոր իշխանությունից։ Սմբատն արդեն վճարել էր նրա պարտքը ուստա Սարլեղին և մուրհակը վերցրել ու տվել նրան, բայց պահանջած հինգ Հազար ռուբլին մերժում էր։

Կեսօրվա դեմ էր։ Միքայելը կես ժամ առաջ Սմբատից դարձյալ փող էր խնդրել և դարձյալ մերժում ստացել։ Այժմ հուզված անցուդարձ էր անում իր սենյակում, որ Ալիմյանների բնակարանում ամենից շքեղ էր կահավորված։ Այստեղ կային Բելուջիստանի ամենաընտիր գորգեր, Խորասանի և Քիրմանի նրբագործ շալերով և պես-պես ոսկեթել հյուսվածքներով զարդարված բարձեր, բարձիկներ, բազմոցներ։ Մետաքսե թանձր վարագույրներով սքողված լուսամուտներից մեկի առջև դրված էր մեծ գրասեղանը, ծանրաբեռնված