Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահագին արծաթե թանաքամանով, տեսակ-տեսակ փղոսկրե տուփերով, ցամքիչներով, շքեղակազմ գրքերով, բրոնզե արձանիկներով, և զանազան ալբոմներով։ Անկյունում դրված էր շքեղ պահարանը, որ լի էր ռուս բանաստեղծների ու վիպասանների երկերով՝ ոսկեզօծ կազմերում։ Աչքի էին ընկնում նաև թարգմանական երկեր, որոնց թվում և Բոկկաչիոյի «Դեկամերոնը»։ Կամարաձև դռների միջից երևում էր ննջարանը, հատակը փափուկ գորգերով ծածկված։ Այնտեղ մի անկյունում դրված էր անկողնակալը՝ ծածկված թանկագին հյուսվածքներով, մետաքսե վերմակներով։ Հինգ-վեց մեծ ու փոքր բարձեր դարսված էին միմյանց վրա սիմետրիկ ձևով, այնպես որ կազմում էին մի տեսակ բուրգ։ Այդ, կարծես, մի թանկարժեք և փարթամ հարճի անկողին լիներ այն տարբերությամբ, որ առջևի պատը զարդարված էր զենքերով։ Մյուս սենյակում երևում էր տուալետի սեղանը՝ լի բազմաթիվ անուշահոտ յուղերի ու ջրերի սրվակներով, սանրերով, խոզանակներով, մկրատներով և այլն...

Այդ սենյակների կահավորության մեջ մեծ դեր է խաղացել Ոսկեհատը: Նա էր իսկապես ստիպել մարդուն չխնայել ոչինչ որդու հաճույքի համար։ Տան համար ծախսվածը կորած չէ, բացի դրանից՝ այդպիսով կարելի է Միքայելին ընտելացնել հետզհետե ընտանեկան կյանքին և հղացնել նրա մեջ ամուսնանալու ցանկություն։ Այնինչ Միքայելի համար սենյակների արդուզարդն ուրիշ ոչինչ էր, եթե ոչ սնափառության նյութ: Գոհ էր, որ ընկերներից ոմանք նախանձում են, որ կարող է նրանց գինի խմացնել, ոսկեզարդ «հազար փեշաներով և թղթախաղի սեղանը բանալիս նրանց առջև դնել ոսկե աշտանակներ։

Դռները բացվեցին, ներս մտավ իսահակ Մարութխանյանը մի շատ քաղցր հաճոյական ժպիտ իր կարմիր, երեսին։

— Վերջապես,— գոչեց Միքայելը ռուսերեն և ձեռով նշան արավ փեսային նստելու։— Հը՜ը, ասա՛ տեսնենք ինչ նորություն։

— Նայելով թե ինչն է հետաքրքրում քեզ,— պատասխանեց Մարութխանյանը և նստեց բազկաթոռի վրա, կանխավ հետ դարձնելով ռեգինկոտի փեշերը, որ չճխլտվի։