Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նավակը, այն էլ ոչ ամբողջովին, որովհետև գիտենք, որ, բացի մեր կերածից, նա էլի քիչ թե շատ կարողություն թողել է և նրա ընտանիքը սովից չի մեռնի։

Այս խոսքերը, միանալով Իսրայելի ազդու, եռանդուն ձևերի, նրա դեմքի խրոխտության, նրա ձայնի համարձակ ու համոզիչ արտահայտությանը, ազդեցին Աբրահամ աղայի հոգեբանության վրա, և նա սկսեց մտածել, որ իրավ չափից ավելի մեծ նշանակություն է տվել իր վարմունքին Աթանեսի վերաբերմամբ։ Նա լռեց որպես համաձայնության նշան և այնուհետև այլևս չարտահայտեց որևէ կասկած այդ վարմունքի օրինականության մասին, մանավանդ այն պահից, երբ լսեց, որ Մարիամի ամուսին Ստեփան Փորսողյանը Աթանեսի կնոջը, այսինքն՝ իր զոքանչին և նրա որդուն խորհուրդ է տալիս համաձայնվել Դալբաշյաններից ռուբլուն քսան կոպեկ ստանալու պայմանին։

Սակայն դժբախտությունն այնքան խախտել էր Գյուլումի հավատը դեպի մարդիկ, որ նա իր փեսայի անկեղծության մասին էլ էր կասկածում։ Միակ մարդը, որին կարող էր անպայման հավատալ, հարազատ եղբայրն էր՝ Սարգիս Հախվերդյանը։ Բայց նա էլ տասնուհինգ տարուց ավելի բացակա էր Զիլզիլ քաղաքից և առևտրական գործերով թափառում էր զանազան վայրերում։ Վերջին տարիները նրա նամակները ստացվում էին Անդրկասպյան երկրից։ Այդտեղ նա քայլ առ քայլ ուղեկցում էր ռուս զորքերի հաղթական արշավանքին, որպես օղու մատակարար մի պատերազմող գնդի։

Վարդանը իր մոր կողմից գրեց քեռուն, որ շտապե գալ և կարգի բերել հանգուցյալի գործերը։ Մի ամիս անցած՝ Հախվերդյանն եկավ։ Քույրերը հազիվ ճանաչեցին նրան։ Զիլզիլ քաղաքից հեռանալիս Սարգիսը քսանումեկ տարեկան տղա էր՝ բարակ, աղվամազ բեղերով, նիհար ու թուլակազմ։ Այժմ առողջ, կարմրերես տղամարդ էր արդեն՝ բավական ճերմակած քունքերով և ճաղատ գլխով։ Նրա ամբողջ գոյությունից բուրում էր գործնական, ինքնավստահ մարդու այն աշխույժը, որ կամքի զորությունից զուրկ մարդկանց ներշնչում է նախանձ, ատելություն, նույնիսկ երկյուղ։ Թափառելով երկրից