Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկիր, պարապելով ամեն տեսակի առևտրական գործերով, շփվելով ամեն տեսակի մարդկանց հետ, կրելով հազար ու մի դժվարություններ, այժմ, կյանքի բովով անցած երեսունևութ տարեկան հասակում մի գրանիտ էր, որին ոչ մի մուրճ չէր կարող ջարդել։ Առանց ժամանակ կորցնելու՝ նա ձեռքն առավ իր քրոջ գործերը, մտավ Դալբաշյանների հետ բանակցության մեջ և իսկույն հասկացավ ինչ տեսակ մարդկանց հետ գործ ունի ու շտապեց հաշիվները վերջացնել ռուբլուն քսան կոպեկով։ Այնուհետև նա Աթանեսի խանութի ապրանքների մի մասը վաճառեց մանրավաճառներին և հաշիվները բարեխղճաբար ներկայացրեց Գյուլումին։ Այդ վաճառման մեջ նրան օգնեց Վարդանը, և դեռահաս պատանին ցույց տվեց այնպիսի հաշվագիտություն, մտքի այնպիսի արթնություն, որ միանգամայն հիացրեց Հախվերդյանին։ Բա՜ա, այս մանուկն ինքնըստինքյան մի գանձ է։ Մի փորձված ու հմուտ վաճառականի ձեռքի տակ նա կարճ ժամանակում կարող է դառնալ հազվագյուտ օգնական։ Մեղք է նրան թողնել Զիլզիլի նման մի հետամնաց խուլ քաղաքում։

— Գյուլում,— դարձավ նա մի երեկո քրոջը,— Վարդանին հետս Բաքnւ տանեմ։

Գյուլումը սարսափեց։ Ի՜նչ, նա թույլ տա իր միակ որդին օտարություն գնա։ Այդ անկարելի է, երբեք այդ չի լինի

— Հերիք չէ՞,— ասաց նա,— որ ինքդ գնացիր, թողնելով մորդ արտասուքի մեջ։ Խե՜ղճ կին, նա քո հոգսից մեռավ։

— Էէ՜, չէ՜, իմ հոգսից մեռավ։ Պառավեց, մեռավ էլի։ Զարմանալի արարածներ են մայրերը. փաթաթվում են իրենց որդկերանց վզին, խեղդում են նրանց իրենց գրկում, չթողնելով, որ ազատ շունչ քաշեն։ Եթե ես ժամանակին հայրական տնից չփախչեի, ով գիտի այսօր քաղցած մուրացկան պիտի լինեի։

— Ինչ լավ ես ասում, քեռի սրտիցս խոսեցիր,— գոչեց Վարդանը, որ արդեն սկսել էր ձանձրանալ մոր հսկողությունից։