Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ ես ասում,— գոչեց Սարգիսը գրեթե վիրավորված,— բաղկա՜լ, չէ՛ չախկալ։ Դու կարծում ես, ես տանձ ու խնձոր կամ գինի ու կոտեմ եմ ծախելու։ Նետ, բրատեց մոյ, իմ ասածն ուրիշ բան է։ Ես այնպիսի բաներ պիտի պահեմ իմ մագազինումը, որ տեսնողի բերանի ջուրը գնա։ Մի կողմում դարսած կլինեն կոնյակ, ռոմ, խերես, պորտվեյն, վերմուտ, մարսալա, շամպայն։ Մյուս կողմում ինչ ուտելիք որ ասես, տապակած գառ, խոզի ապուխտ, խոզի ճուտ, հնդուհավ, հորթի միս, հետո պես-պես կոնսերվներ, տեսակ-տեսակ պանիրներ արտասահմանից բերած, չեստեր, ռոկֆոր, ժերվե և այլն, և այլն, ո՞ր մեկն ասեմ։ Բաղկալի դուքա՜ն, չէ մին, ձե՞ռ ես գցում ինձ ինչ է։ Մեծ, շատ մեծ մաղազին է լինելու հորդ խանութի քսանի չափ։ Մաղազինիս ճակատին կկպցնեմ մի երկայն ցուցակ, վիվեսկա, հասկանո՞ւմ ես, ոսկի տառերով, ամեն մի տառի մեծությունը կես արշին։ Դռների վրա էլ կլինի մի ուրիշ ցուցանակ։ Պետք է նկարել տամ մի հաստ փորով, ուրախ երեսով, տղամարդ՝ մի ձեռում երշիկ, մյուս ձեռում գարեջրի փրփրալի բաժակը։ Նեմեցի պատկեր։ Որտե՞ղ եմ տեսել այսպիսի պատկեր։ Չորտ եվո զնայետ, այնքան քաղաքներ եմ տեսել, որ մտքիցս ընկել է։ Հա, հիշեցի, Ռոստովում, Սադովայա փողոցի վրա։

— Օրը քանի՞ ռուբլու ապրանք կծախվի, քեռի,— փափագեց գիտենալ Վարդանը, որի գլխավոր չափը միայն ռուբլիների քանակն էր։

— Ո՞վ գիտե, հաջողությունից է կախված։ Կարող է լինել մի քանի հարյուր էլ, հազար էլ։ Ես հույս ունեմ իմ առևտուրը լավ կլինի։ Մաղազինը բաց եմ անելու ծովի ափի վրա։ Այդ ամենալավ տեղն է, որովհետև նավերի մոտ է։ Նավերի մարդիկ շատ ուտող, մանավանդ շատ խմող են։ Փողն էլ անհաշիվ են ծախսում։ Տագանրոգումն եմ տեսել։

— Մայրիկ, ես քեռուս հետ գնում եմ, ինչ որ էլ անես, գնալու եմ,— գոչեց Վարդանը՝ միանգամայն հափշտակված։

— Պիտի տանեմ, անպատճառ։ Մի երկու տարի դու ինձ մոտ կլինես գործակատար, իհարկե, ռոճիկով։ Հենց որ առևտուրը սովորեցիր, քեզ կընկերացնեմ ինձ։ Հորիցդ երեք հազար չորս հարյուր ռուբլի է մնացել։ Քիչ փող չէ խելոք մարդու