Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լավ, վայնասուն մի՛ բարձրացնիր, քույր,— շարունակեց Սարգիսը,— քեզ էլ Վարդանի հետ կտանեմ Բաքու։ Վարդանը խելքը գլխին տղա է, ի՞նչպես կարելի է թողնել նրան այս կորած մոռացված քաղաքում։ Նա այստեղ չի կարող օրինավոր մարդ դառնալ, այստեղ մարդ չկա, որի հետ կարողանա երկու խոսք խոսել քաղաքավարի։ Գործ էլ չկա այստեղ վաճառականի համար։ Այ, ուրիշ բան է Բաքուն, հիմա ով գլխում մի հավի խելք ունի, այնտեղ պիտի գնա։ Հինգ տարի է չէի տեսել, այս անգամ անցնելիս երեք օր մնացի, տեսա—չճանաչեցի․ այնքան փոխվել է, էլի կփոխվի, շատ կփոխվի։ Բաքու, Բաքու, ուրիշ ոչ մի տեղ։ Ես ուզում եմ այնտեղ մի լավ մագազին բաց անել, առաջին կարգի։ Տեղն էլ մտքումս նշանակել եմ, ծովի ափին։

— Քեռի, ինչի՞ մագազին ես ուզում բաց անել, մանուֆակտուրայի՞,— հետաքրքրվեց Վարդանը։

— Ի՞նչ, մանուֆակտուրայի՞,— գոչեց Սարգիսը արհամարհանքով,— աստված խելքս առե՞լ է ինչ է, ի՞նչ շահ կա չիթ ու կտորի առևտրում, արշինին մի կամ երկու կոպե՞կ։ Թյու։ Մանուֆակտուրան անշնորհք մարդկանց համար է, որ նստեն և օրը մինչև երեկո արշինով ճանճեր փախցնեն։

— Հապա ո՞ր առևտուրն է լավ,— շարունակեց հետաքրքրվել Վարդանը։

— Գաստրոնոմիչեսկիյ,— պատասխանեց Սարգիսը, բառի յուրաքանչյուր վանկն արտասանելով առանձին շեշտով։

Առհասարակ նա իր խոսվածքը համեմում էր օտար բառերով ու դարձվածքներով։ Մի բան, որ կրկնապատկում էր Վարդանի հարցասիրությունը և վառվռում նրա հարգանքն ու պատկառանքը դեպի մորեղբայրը։

— Գիտե՞ս ինչ է գաստրոնոմիչեսկիյ,— հարցրեց նա, տեսնելով Վարդանի զարմացական հայացքը։— Չգիտես, տեսնում եմ։ Խեղճ տղա, ի՞նչպես կարող էիր գիտենալ, քանի որ կյանքումդ չես տեսել։ Գաստրոնոմիչեսկին ամենամոդային, ամենաշահավետ առևտուրն է։ Դա կնշանակե ընտիր խմիչքների ու թանկագին ուտելիքների մագազին․․․

— Ուրեմն գինետուն է բաղկալի դուքանի հետ էլի,— ընդհատեց Վարդանը, ծիծաղելով։