ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
1
Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր։
Յոթ օր առաջ նա իր նոր կառուցվող տասնումեկերորդ տան վրա արհեստավորներին պատվերներ տալիս մարմնի մեջ զգաց անսովոր ցուրտ, եկավ տուն, պառկեց անկողին և այլևս չկարողացավ վեր կենալ։ Բժիշկները մարդուն ուշադիր քննեցին և միաձայն հաստատեցին թոքերի բորբոքում։
Լուրը նույն ժամին տարածվեց ամբողջ քաղաքում։ Ո՛վ չէր ճանաչում կալվածատեր և հանքատեր Մարկոս Ալիմյանին — այդ վաթսունհինգ տարեկան, կլորիկ մարմնով, ուռած թշերով, եռանդուն ու աշխույժ ծերունուն և չէր լսել նրա բազմավաստակ կյանքի խրատական պատմությունը։ Ուղիղ հիսուն տարի առաջ, թողնելով իր աննշան ծննդավայրը, եկել, հաստատվել էր այն փոքրիկ, աննշան ծովեզրյա քաղաքը, որին վիճակված էր մոտիկ ապագայում ստանալ համաշխարհային հռչակ՝ իր ստորերկրյա գանձերի շնորհիվ։
Այժմ տասնուիններորդ դարի վերջին քառորդում նրա մասին կազմվել էին կատարյալ առասպելներ։ Պատմում էին, որ նրա հոյակապ տան ներքնահարկում կա մի առանձին սենյակ՝ մթին ու սառն ինչպես շիրիմ։ Ոչ մի հողեղեն էակ նրա երկաթե դռներով ներս չի մտել։ Այնտեղ են դարսված Մարկոս Ալիմյանի ոսկիներով լի տոպրակները։ Ասում էին, որ ամեն գիշեր մռայլ ծերունին մեն-մենակ,