դաշույններով ու հրացաններով։ Այս առիթով արդեն մի քանի սպանություններ կատարվել էին։ Հայ հանքատերերը սարսափի մեջ էին։ Նրանց հրամանով, մշակները փորձեցին շատրվանն այրել, չհաջողվեց։
— Հիմարներ են,— շշնջաց Ջումշուդը Վարդանի ականջին։— Չէ՞ին կարող մի օր առաջ ամբարներ փորել, որ այդ թանկագին հեղուկն այնտեղ թափվի։
— Ավանակներ են,— ավելի կտրուկ բնորոշեց Վարդանը։ Նա հիացած էր շատրվանով և մտքում հաշվում էր, թե որքան հարստություն է զուր տեղը կորչում։ Եվ համեմատելով այդ հարստությունը մորեղբոր խանութի ու կարողության հետ, ծիծաղելի էր թվում Սերգեյ Մարկիչ Ակվերդովի հոխորտանքը, թե ինքը մեծ վաճառական է և մեծ գործեր ունի։
Նա քաղաք վերադարձավ խորը տպավորությամբ։ Ճամփին Ջումշուդը նրան բացատրում էր, թե ինչ ահագին գանձեր կան «այս օրհնված հողի» տակ։ Նա սպառում էր ամբողջ գիտությունը նավթի մասին, այսինքն բոլորը ինչ որ կարողացել էր Պետերբուրգից եկած գիտնականի լրագրում։
— Տեսնո՞ւմ ես այդ մեծ դաշտն իր բլուրներով,— ցույց տվեց նա հեռվից Ափշերոնյան թերակղզին մինչև ծովը,— բոլորը նավթի ամբարներ են։ Մինչև անգամ ծովի տակ էլ նավթ կա։ Դու չե՞ս հավատում, զարմանո՞ւմ ես, ապացո՞ւյց ես ուզում։ Ահա քեզ։ Տեսնո՞ւմ ես այն կղզին, Նարգին է նրա անունը։ Նրանից մի փոքր այն կողմ ծովի տակից գազ է դուրս դալիս։ Աչքովս եմ տեսել։ Մի օր, երբ փոխարքան եկել էր Բաքու, գազը վառեցին և մի հրաշալի հրավառություն գոյացավ։ Երեք գիշեր ծովը լուսավորվել էր ցերեկվա պես։ Հետո քամին փչեց, ալիքներ բարձրացան, գազը հանգավ։
Վարդանը լսում էր և մտածում։ Նրա դեռահաս գլխի մեջ զարմանալի արագությամբ նավթը վերածվում էր ոսկու, և միլիոնները պտույտ էին գործում ինչպես կատաղի դիվահարներ։ Ամենավառվռուն բանաստեղծի երևակայությունը չէր կարող այնպես բորբոքվել բնության գեղեցկությունից,