Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որքան նրա երևակայությունը այդ չոր ու ցամաք ավազոտ դաշտերից ու բլուրներից, որոնց խղճուկ բուսականությունը վաղաժամ թառամել ու խանձվել էր կիզիչ արեգակից և մշտական քամիներից։ Ինչո՞ւ ձեռք չբերել գեթ մի կտոր այդ ստորերկրյա գանձերից, մի աննշան հողամաս։ Ով գիտե վաղը, մյուս օրը որքան պիտի բարձրանան գները։

— Ո՞ւմ են պատկանում այդ հողերը,— հետաքրքրվեց տասնյոթ տարեկան պատանին հիսնամյա փորձառու սպեկուլյանտի անհամբերությամբ։

— Մի մասը պատկանում է թուրք բեգերին ու գյուղացիներին, մնացածը պետական հողեր են։

— Գյուղացիները ծախո՞ւմ են իրենց հողերը։

— Իհա՛րկե, մանավանդ ազնվականները։

— Քանո՞վ։

— Նայելով տեղին, Բալախանիի, Սաբունչու մոտերքը համեմատաբար թանկ են, իսկ մյուս տեղերը շատ աժան․․․

Վարդանը լռեց և ոչ մի նոր հարց չտվեց։ Մնացածը նա հետո կիմանա ուրիշից։ Թող Ջումշուդը չգիտենա, թե ինչ ծրագրներ է հղում նրա միտքը։ Տասնյոթ տարեկան պատանին արդեն իր հորից էր սովորել գնահատել գաղտնապահությունը գործնական կյանքում։ Բացի այդ նա մի ուրիշ բան էլ էր լսել իր հանգուցյալից։ «Խելոքի հետ քիչ խոսիր, որ հիմարությունդ չերևա, հիմարի հետ իսկի մի խոսի, որ խելքդ չպակսի»։

Երեկոյան նա չկարողացավ իրեն զսպել և մորեղբորը հայտնեց հանքերից ստացած իր խորը տպավորությունը։

— Ոչինչ, վատ չես արել, որ գնացել ես ու տեսել,— ասաց Սերգեյ Մարկիչը հեգնանքով,— բայց հույս ունեմ, որ ինձ խորհուրդ չես տալ հանքատեր դառնալու։

— Իսկ և իսկ հենց այդ էի ուզում ասել, Սերգեյ Մարկիչ, լավ կլինի եթե մենք էլ մի կտոր նավթահող գնենք։

— Մենք էլ, մենք էլ,— գոչեց Սերգեյ Մարկիչը բարձրաձայն ծիծաղելով,— ուրեմն, ընկերովի, հա՞, քեզ հետ, հա՞։

— Այո։

— Հետո՞։