Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համաձայնվի իմ մագազինի ճակատին Վարդան անունը գրել։ Ինձ այնպես է թվում, որ այդ տտեպած անունը կարող է դժբախտություն բերել։ Երևի զուր չեն ասում՝ «Հայը թակի Վարդանին, թուրքը թակի Վարդանին»։

— Ես այդ մասին արդեն մտածել եմ, այսուհետև ես կլինեմ Վլաս Աֆանասևիչ Այրումով։

— Ոչ, ոչ, այդ Վլասն էլ բանի պետք չէ, կառապանի անուն է։ Ավելի լավ է Վասիլի Աֆանասևիչ։

— Համաձայն եմ, թող այդպես լինի։

Եվ այդ օրից Վարդան Ահրումյանը դարձավ Վասիլի Աֆանասևիչ Այրումով։

VIII

Քաղաքի միակ հրապարակի վրա մի շարք խանութների մեջ կար մեկը, որի ցուցանակը կրում էր հետևյալ խորագիրը․ «Մանուֆակտուրային ապրանքների վաճառում, Ռիպսիմե Արաքելովնա Դալբաշյանի և որդիների»։ Անցորդներից շատ քչերն էին կարդում այդ ցուցանակը, և նրանք, որոնք կարդում էին, տարակուսանքով երերում էին իրենց գլուխը, մտածելով՝ «այո, դա նա է»։

Այն պահից, երբ Աբրահամ և Իսրայել Դալբաշյանները իրենց սնանկ հայտարարելով, հաշիվները Մառոզովի և Աթանես Ահրումյանի հետ մաքրեցին ռուբլուն քսան կոպեկի վճարումով, որոշեցին խանութը փակել և իրարուց բաժանվել։ Իսրայելը վերցրեց թաքցրած ապրանքի կեսը և իր ընտանիքի հետ գնաց Ռոստով-Դոնի վրա, հուսալով այնտեղ շարունակել իր գործը, իսկ Աբրահամ աղան իր ընտանիքով տեղափոխվեց Բաքու, նույնպես տանելով հետը իր բաժին ապրանքը։ Կողոպուտը կիսելիս մի քիչ կռվեցին, բայց վերջը հաշտվեցին և համբուրվելով բաժանվեցին։

Դեռ սնանկ հայտարարելուց առաջ Աբրահամ աղան զգաստություն էր ունեցել իր կարողությունը փոխադրել կնոջ՝ Հռիփսիմեի անունով։ Նա նույնպես վճռել էր նույն մանուֆակտուրային գործը շարունակել Բաքվում, իհարկե, այս