նա էլ մի մարդ կդառնա, Մարտիրոսը ծառայում է ոստիկանատանը և արդեն իր ֆուրաշկին չինովնիկի նշան է դրել և պատահելիս մի տեսակ արհամարհանքով է վերաբերվում։ Մի խոսքով, ամենքը առաջ են գնում, իսկ նա գործակատար, այն էլ «բաղկալի» խանութում, չէ՞ որ այդ ոսկի տառերով մագազինը վերջ ի վերջո բաղկալություն է։ Եվ ամենից ավելի Վարդանին գրգռում էին Աբրահամ աղայի որդիները։ Ամեն անգամ նա թքում էր նրանց խանութի առջևով անցնելիս։ Ո՛չ, այդպես շարունակել չի կարելի։
Վարդանը վճռեց մի տարի էլ սպասել, միայն մի տարի, ոչ ավելի և տարին չլրացած նորից կրկնեց իր պահանջը դառնալ մորեղբոր լիազոր ընկերը, իր անունն ու ազգանունը դնելով ցուցանակի վրա։
— Բայց դու չես կարող ինձի հավասար ընկեր լինել,— հակառակեց Սերգեյ Մարկիչը։
— Ինչո՞ւ։
— Որովհետև գործի մեջ քու ունեցած կապիտալը երեք անգամ պակաս է իմ կապիտալից։
— Այն ժամանակ եկ բաժանենք, ես ինձ համար առանձին գործ կսկսեմ։ Սերգեյ Մարկիչը բարձրաձայն ծիծաղեց, գոչելով․
— Դո՞ւ, առանձի՞ն, լակոտ։
Վարդանը վիրավորվեց։
— Սերգեյ Մարկիչ,— ասաց նա, հազիվ կարողանալով զսպել իր կատաղությունը,— դու քանի անգամ ասել ես ինձ, որ իմ հասակումն ես վաճառականություն սկսել, ինչո՞ւ ես ինձ լակոտ անվանում։
Սերգեյ Մարկիչը զղջաց։ Նա չէր կամենա իր քրոջ որդու սիրտը կոտրել։ Հոգու խորքում նա շատ բարձր էր գնահատում Վարդանի առևտրական ձիրքերը, նրա վարվողությունը գնողների հետ, նրա հաշվեգիտությունը, նրա եռանդն ու աշխատասիրությունը։ Նա չէր կամենա մի այդպիսի հազվագյուտ օգնականից զրկվել։
— Լավ,— ասաց նա ձեռը դնելով Վարդանի ուսին,— թող այս տարին վերջանա, առաջիկա հունվարից ցուցանակը կփոխենք, բայց պետք է անունդ էլ փոխենք։ Ես չեմ