Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դար է, իսկ այդ դարը դեռ չի վերջացել։ Այժմ խաբում են ամենքը և ամենից ավելի նրանք, որոնք ըմբոստանում են խաբեբայության դեմ։

— Հետո՞։ Ծրագիրդ բացատրիր։

— Իսկույն։ Մեծ եղբայրդ, Սմբատը ահա երեք օր է դատարանի որոշումով ձեռք է բերել իր ժառանգական իրավունքների ճանաչումը։ Այժմ դու նրա ստրուկն ես բառիս իսկական նշանակությամբ։ Նա կարող է քեզ մի կտոր հաց տալ կամ չտալ։ Այսպե՞ս է, թե ո՞չ։

— Ենթադրենք, որ այդպես է։

— Ենթադրելու բան չկա, կտակի իսկական իմաստով այդպես է։ Հայրդ քեզ նշանակել է ամսական հարյուր ռուբլի—մի խոհարարի ռոճիկ։ Դու կարող ես ժառանգական իրավունք ձեռք բերել միայն ամուսնանալուց հետո։ Իսկ ամուսնանալ կարող ես, եթե կյանքիդ եղանակը փոխես, այսինքն՝ լուրջ, խելոք մարդ դառնաս, հա՜ հա՜ հա՜... Դա մի շատ առաձգական կետ է կտակի մեջ և ցույց է տալիս կտակ թելադրողի միամտությունը և գրողի տգիտությունը: Ասա, խնդրեմ, եթե դու բոլորովին փոխես կենցաղդ և դառնաս լրջմիտ, պարկեշտ, չխմես, չխաղաս, կանանց հետևից չընկնես — ի՞նչպես կարող ես ապացուցանել, որ փոխվել ես։ Սմբատը եթե կամենա, միշտ կընդդիմանա, միշտ կասե, թե դու նույնն ես, ինչ որ էիր հորդ մեռնելու ժամանակ։ Այս մեկ: Երկրորդ՝ կկամենա՞ս, արդյոք, ամուսնանալ։ Համոզված եմ՝ ոչ։ Դու այն տիպերից ես, որոնց համար ամուսնություն բառը նույնն է, ինչ որ ինձ համար Սիբիրը կամ Սախալինը։ Է, ի՞նչ ժամանակ է ամուսնանալու, քանի որ քեզ և քեզ նմանների համար կան շատ ապուշների կանայք։ Ուրեմն դու տեսնում ես, որ կտակի այդ կետը քո թշվառությունն է, կախաղանի սապոնած պարանը... Եվ ահա իմ ծրագիրը գալիս է քեզ օգնության։ Որքան ևս նա շտապ լինի կազմված, որքան ևս թույլ, այդ անիրավ կտակից լավ է և կարող է դրությունդ փոխել այսպես կամ այնպես:

— Ասա ո՞րն է քո ծրագիրը։

— Մի ուրիշ կտակ, այսպես ասած, կոնտր-կտակ: