Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրիշ ի՞նչ կարող է ինձ հետաքրքրել, բացի այդ հիմար կտակից։

— Հասկանալի է,— արտասանեց Մարութխանյանը, դանդաղորեն հանելով իր ձեռնոցները և ձգելով իր գլխարկի մեջ և նայելով աջ ու ձախ ավելացրեց. հույսով եմ, որ մեր խոսակցությունը ոչ ոք չի լսի։

— Ոչ ոք, եթե կամենաս դռներն էլ կկողպեմ։

— Վատ չէր լինիլ։

Միքայելը մոտեցավ և բանալին շուռ տվեց։

— Խնդիրը շատ պարզ է,— սկսեց Մարութխանյանը, վերցնելով Միքայելի սեղանից մի գլանակ,— նախ և առաջ դու պիտի ինձ ազնիվ խոսք տաս, որ ինչ-որ այստեղ խոսենք, մեր մեջ կմնա։

— Ավելորդ նախազգուշացում։ Ես իմ թշնամին չեմ։

— Ապրես։ Դու գիտես, սիրելիս, որ ես այստեղի ձեր գռեհիկ վաճառականներից չեմ։ Ես իրավաբան եմ, թեև առանց բարձր ուսման, բայց ավելի գիտեմ օրենքները, քան որևէ մի երդվյալ հավատարմատար։ Ես ունեմ հռչակ թե՛ այստեղ և թե՛ Թիֆլիսում։ Ուզում եմ ասել, եթե ես մի վատ բան անում եմ՝ զգույշ, մտածելով, տասն անգամ չափելով և հետո կտրելով:

Արձակելով գլխից վեր գլանակի առաջին ծուխը, նա իր դեղին-կանաչագույն աչքերը հառեց Միքայելի երեսին ե հարցրեց.

— Ուզո՞ւմ ես, որ հորդ կտակը ճանաչվի ապօրինի և կորցնի իր զորությունը։

— Անպայման,— պատասխանեց Միքայելը դրականապես։

— Շատ գեղեցիկ: Բայց դրա համար հարկավոր են մի շարք պայմաններ:

— Օրինա՞կ:

— Նախ և առաջ կամքի հա ստատություն, սառնասրտություն, հետո կեղծելու, սուտ ասելու վարպետությու՞ն:

— Սուտ ասելու վարպետություն: Մի՞թե այդ անհրաժեշտ է։

— Անպայման։ Տասնուիններորշդ դարը, սիրելիս, խաբեբայության