Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբրահամ աղան, Արշակը չի կարող խելացի համարել նրա արածը և միշտ պիտի դատապարտի նրան իր մտքում։ Մի՞թե նա որպես հայր չպիտի մտածեր, որ իր հիմարության պատասխանատվությունը ծանրանալու է իր զավակների և մանավանդ նրանց վաճառականական վարկի վրա։

Վաճառականական վա՜րկ...

Ամենից ավելի այս վերջին միտքն էր զբաղեցնում Արշակին, երբ նա իր մորը հարցրեց. «Մի՞թե անպատվություն է քեզ համար անունդ տեսնել մեր խանութի ճակատին», այդ պահին մտածում էր ոչ իր կամ իր մոր բարոյական համբավի, այլ միայն և միայն իր վաճառականական վարկի մասին։ Առհասարակ պատվի մասին նա ուներ ուրույն գաղափար, այն է, թե վարկն ինքնըստինքյան պատիվ է և նա, ով վաճառականության մեջ վարկ ունի, ունի նաև պատիվ որպես մարդ։ Նա շատ լավ գիտեր, որ գործնական աշխարհ մտնելով, իր հոր ազգանվան տակ, ուզե չուզե, նսեմացնելու է իր վարկը։ Այս միտքն ուղղակի ալեկոծում էր նրա էությունր, երբեմն նրան քնից զրկելով, մանավանդ Բաքու տեղեփոխվելուց հետո։ Գավառի խուլ անկյունից բերած նրա նեղ հասկացողությունը առևտրի ծավալի և ուժի վերաբերմամբ այստեղ օր օրի վրա հասունանում էր, լայնանում և ավելի ու ավելի պահանջկոտ դառնում։ Խանութի պատերից դուրս բան չտեսած մանրավաճառին զմայլեցնում էր նավթային արդյունաբերության հեռանկարը։ Լեռների սահմանափակ հորիզոնում ծնված ու սնվածին հարյուրավոր ծրագիրներ էր ներշնչում լայնածավալ ծովը, և նրա երիտասարդական ֆանտազիան չէր երկնչում ամենահամարձակից, ամենավտանգավորից։ Այլևս արշինը իր խղճուկ չափով չէր կարող հագեցնել նրա շահելու, հարստանալու, մեծ կապիտալիստ դառնալու փափագն ու ախորժակը։ Օրը մինչև երեկո չիթ ու կտավ չափելով ու կտրելով, նա իրան զգում էր ողորմելի ու կարեկցության արժանի վիճակում։ Մկրատի ձայնը գրգռում էր նրան, ինչպես սղոցը ապակի կտրելիս մինչև կատաղություն։ Պատահում էր, որ նա գնված ու թղթի մեջ փաթաթված կտորը ձգում էր գնողի առաջ այնպիսի արհամարհանքով և բիրտ ձևով, որ կարելի էր կարծել, թե