Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնողը հայհոյել կամ անիծել է նրան։ Այնտեղ, ուր աջ ու ձախ, հայ ու թուրք, ռուս ու հրեա, բոլոր հասակների, բոլոր ազգերի ու ազգությունների մարդիկ խոսում էին խոշոր արդյունաբերության և գործարանային ձեռնարկությունների մասին, նա իրան զգում էր այնքան տկար, այնքան աննշան, որքան աղվեսը վագրերի ու առյուծների շրջանում։ Ո՛չ, չպիտի մնալ այսպես, երկուսից մեկը՝ կամ պիտի խառնվել ընդհանուր իրարանցման այդ նավթային ու բորսային, գործարանային ու բանկային թոհուբոհի մեջ կամ վերադառնալ Զիլզիլ և այնտեղ շարունակել հայրական գործը։ Որքան ծիծաղելի ու ծաղրելի էր թվում նրան իր հոր աղայական դեմքի կուշտ ու ինքնագոհ արտահայտությունը, նույնքան պակասում էր նրա որդիական հարգանքն ու պատկառանքը։ Ամեն անգամ երբ ծերունին տերողորմյան ձեռին իր փառահեղ միրուքը շալակած հանդիսավոր քայլերով խանութ էր մտնում, որդին մտքում չարիմաստ ծիծաղելով ասում էր. «ահա, Շահին-շահը մտավ իր ապարանքը»:

Ծնողների ննջարան գնալուց հետո Արշակը դարձավ եղբորն ու ասաց.

— Եթե դու լինեիր Վարդան Ահրումյանի նման աչքաբաց, մենք, Դալբաշյան եղբայրներս, կարող էինք մեծ գործեր ձեռնարկել հակառակ մեր հոր կամքին։

— Օրինակ, ի՞նչ գործեր,— հարցրեց Դանիելը։

— Մի՞թե Բաքվում ներելի է այդպիսի հարց տալ։ Հասկանալի է, որ խոսքս նավթի մասին է։

— Ես չեմ ուզում վաճառականությամբ պարապել։

— Նավթը վաճառականություն չէ, այլ արդյունաբերություն:— Ի՛նչ տարբերություն կա մեկի և մյուսի մեջ։

— Այն տարբերությունը, ինչ որ ծառայի ու տիրոջ մեջ, մեկը խանութպանություն է, մյուսը կապիտալիզմ։ Հասկանո՞ւմ ես, եթե ոչ, կամենաս, ես կբացատրեմ...

— Չեմ ուզում ոչ մի բացատրություն։ Իմ հասկացողությամբ երկուսն էլ առևտուր է, իսկ ես զզվում եմ ամեն մի առևտրից։