— Զբաղված եմ տնային գործերով։
— Դո՞ւք, տնային գործերո՞վ,— քրքջաց կինը, արմունկները հենելով լուսամուտի հատակին և թեքվելով դեպի դուրս։
— Չէ՞ որ ես սգավոր եմ,— ագահ աչքերով նայելով կնոջ լիք-լիք կրծքին, որ թեթևակի բաց էր և ցույց էր տալիս նրա մարմնի մաքուր ճերմակությունը։
— Ա՛հ, հասկացա, կտակի խնդրով... Բայց...
— Ի՞նչպես եք, տիկին,— ընդհատեց Միքայելը, չկամենալով խոսել կտակի մասին։
— Օ՜ օ, շատ վատ, շատ տխուր...
Եվ կնոջ, կենսական հրով լեցուն աչքերը հանդարտիկ բարձրացան վեր, շրթունքների վրա ալյակի պես ծփաց մի արյունահույզ ժպիտ ու կիսով չափ բաց բերանը երևան հանեց փղոսկրի պես մաքուր ու փայլուն ատամները։
Նրանք խոսում էին — մեկը մյուսին նայելով հետզհետե ավելի ու ավելի կրքոտ աչքերով։ Սովորական խոսակցությունը տիկինը ճարպկությամբ փոխեց, ինչո՞ւ Միքայելը չի ամուսնանում։ Ա՛հ, ժամանակակից երիտասարդները բոլորովին փչացել են, փախչում են ընտանեկան կյանքից, մատնելով իրենց թանկագին կյանքը զեխության։
— Նայեցե՛ք հայելուն, դուք օրեցօր նիհարում եք ու դալկանում։
— Ես նիհարում եմ, իսկ ձեր եղբայրն օրեցօր գիրանում է, ինչո՞ւ նրան չեք ստիպում ամուսնանալ։
— Գրիշայի՞ն... Օ՜օ, նա անուղղելի է. նրա սիրտն ու հոգին միշտ զբաղված են օպերային կամ օպերետային երգչուհիներով։ Իսկ դուք այլ եք, ձեր սիրտն ազատ է...
— Ո՜վ գիտե...
— Ա՛հ, ուրեմն, դո՞ւք էլ, իսկ ես կարծում էի, որ դուք ընդունակ չեք հափշտակվելու,— արտասանեց կինն անուշ հեգնությամբ։
— Ունիք իրավունք, երգչուհիների սերն ինձ չի հափշտակում։
Կնոջ ուռուցիկ կուրծքը բարձրացավ լուսամուտի հատակից, սպիտակ հեշտալի կոկորդի կրկնակի ծալը հարթվեց: