Մի ժամանակ տիկին Անուշ Ղուլամյանի ամուսնության պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքում։ Հարուստ կալվածատեր և քաղաքի առաջին մաղազիայի տեր Մնացական Հաբեթյանի դուստրը սիրահարվել էր իր հոր գործակատարի վրա։ Ծնողները, հարկավ ընդդիմացել էին անհավասար ամուսնությանը, բայց մի օր Անուշը չոքել էր մոր առջև և արտասուքն աչքերին մի շատ խորհրդավոր խոստովանք արել: Մայրը դստեր անզգուշությունն անհրաժեշտ էր համարել հաղորդել մարդուն: Գոռոզ կալվածատերը սարսափել էր, նախկին գյուղացու կատաղությամբ բորբոքվել: Նա կանչել էր Անուշին իր սենյակը, նախատել, անվանել էր «անառակ», ոմանց ասելով, մինչև անգամ ծեծել:
Բայց արդեն ուշ է եղել, մարդիկ բամբասում էին, ծաղրում, և հայրն ստիպված էր Անուշին տալ իր գործակատարին։ Այժմ այդ գործակատարը քաղաքի լավագույն փողոցի վրա ունի մի ընդարձակ խանութ, որի ճակատին ոսկեզօծ տառերով գրված էր. «Պյոտր Իվանովիչ Գուլամով, ներկայացուցիչ Մոսկվայի մանուֆակտուրային տների»։
Արկածավոր ամուսնության ժամանակ Միքայել Ալիմյանը ռեալական դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտ էր։ Պատմությունը տպավորիչ էր նրա հիշողության մեջ, և այն օրից նա շահագրգռված էր Անուշով։ Գրիշայի միջոցով ծանոթացավ երիտասարդ կնոջ հետ միայն երկու տարի առաջ և երբեմն այցելում էր իբրև նրա եղբոր մտերիմ ընկեր։ Թե՛ տիկինը և թե՛ ամուսինն ընդունում էին նրան բարեկամաբար, մինչև անգամ պարծենում էին, որ ունեն Ալիմյանի պես այցելու։
Անուշը նորեն թեքվեց առաջ և այս անգամ գլուխն ավելի մոտեցրեց Միքայելին, նայելով աջ ու ձախ։ Նրա այտերը շառագունել էին, աչքերը պսպղում էին սև ալմաստների պես, ուռուցիկ կուրծքը մերթ դիպչում էր լուսամուտի հատակին, մերթ բարձրանում։ Նա ստեպ-ստեպ հեռացնում էր ճակատից ու այտերից սևաթույր թանձր ու գանգուր մազերը։
Միքայելը բորբոքված աչքերով դիտում էր տիկնոջ գիրուկ ուսերը, կանոնակազմ իրանը, մանավանդ նրա կիսաբաց կուրծքը։