Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՜նչ սքանչելի իրան, ի՜նչ կրակոտ աչքեր և որպիսի՜ ձգտիչ նայվածք։ Թող ինչ ուզում են ասեն այդ կնոջ առնականության մասին — օրիժինալ էակ է, ոչ նման սովորական կանանց։ Աջ ու ձախ նայելով, նա գլուխն ավելի ու ավելի մոտեցրեց Անուշին և պատրաստ էր համբուրել, երբ տիկինը հանկարծ գլուխը հեռացնելով լուսամուտից, ասաց։

— Գրիշան գալիս է։

Միքայելը հետ ցատկեց։ Տիկնոջ անուշ վերաբերմունքը, անսահման սիրալիր և խորհրդավոր ժպիտները, աչքերի պագշոտ արտահայտությունն այնպիսի հաճույք էին պարգևել նրան, որի նմանը երբեք չէր զգացել։ Մի հաճույք, որ արժեր շատ ուրիշ տեսակ հաղթանակների։ Չէ՞ որ Անուշը քաղաքի պատվավոր տիկիններից մեկն է, առաքինի ու պարկեշտ համարվող ամուսին, չնայելով արկածավոր ամուսնությանը։

— Անուշի հե՞տ էիր խոսում,— ասաց Գրիշան, մոտենալով Միքայելին.— տեսա՞ր ինչպես թաքնվեց, ինձ տեսնելով։ Խռով ենք, չենք խոսում...

— Ինչո՞ւ։

— Որովհետև նրա ամուսինն ավանակ է։ Այն օրը հենց ավանակ էլ անվանեցի նրան կնոջ ներկայությամբ։ Անուշը վիրավորվեց, հիմա հետս չի խոսում:

— Բայց ինչո՞ւ վիրավորեցիր մարդուն։

— Ինչպե՞ս չվիրավորեմ, սիրելիս, մի հազար ռուբլի ձեռապարտ խնդրեցի, չտվեց։ «Չունեմ», ասաց։ Ավազակը հորս կողոպտել է, կես միլիոնի կարողություն ունե, «չունեմ» ասում է։ Իսկ սիրուհիների համար ունե...

— Սիրուհինե՞ր է պահում։

— Հապա՜, այն էլ քանիսը. քաղաքի համարյա բոլոր թաղերում և ի՞նչ գեղեցկուհիներ, մեկը մյուսից այլանդակ...

Այդ մի նորություն էր Միքայելի համար և ուրախալի նորություն։ Եթե մարդը հավատարիմ չէ կնոջը, կինը կատարյալ իրավունք ունե նրան դավաճանելու։ Եվ այդ օրից նրբագույն բեղիկներն սկսեցին ավելի զբաղեցնել նրան։ Մի