Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միքայելի համար։ Նավթն օրեցօր թանկանաւմ է, երանի նրան, ով հանքեր ունե: Պետրոսը չունե։ Եթե Միխայիլ Մարկիչը լիներ բարի և իր հողերից մի դեսյատին էժան գնով տար, Պետրոսը հավիտյան երախտագետ կմնար։ Անուշը զզվանքով երեսը շուռ տվեց. այդ մարդը միշտ հարուստ երիտասարդի մոտ բերան է բաց անում թե չէ, մի բան է խնդրում։ Ահա՝ ինչ ասել է նախկին գործակատար։ Եվ մինչ մարդը խնդրում էր, կինը խոստանում էր... խորհրդավոր ժպիտներով, ձևերով ու շարժումներով։ Ավելի. նա հրաժեշտի միջոցին երեք անգամ այնպես սեղմեց երիտասարդի ձեռքը, որ այլևս կասկածի տեղ չմնաց...

Երկու օր անցած Միքայելը նորեն այցելեց և այս անգամ Անուշին մենակ գտավ։ Նույնիսկ երեխաները տանը չէին: Աղախինը նրանց տարել էր իրենց տատի մոտ։

Անուշը Միքայելին ընդունեց մի տեսակ պաշտոնական սառնությամբ և տխուր: Միքայելն անփորձի մեկը չէր: Տիկնոջ սառնությունը բացատրեց հոգեբանորեն ճիշտ: Այսօր Անուշն զգաց իր ամուսնու մասին խոսելու և նրան պարսավելու պահանջ։ Թվում էր նրան, որ եթե չպարսավե, Միքայելը կարող է կարծել, թե տակավին սիրում է այդ մարմնով այլանդակված հոգով կոշտ ու կոպիտ մարդուն։ Բայց և այնպես ինքնասիրությունը զսպեց նրա լեզուն, և նա բավանացավ մի քանի ակնարկներով, որ այնուամենայնիվ արտահայտեցին նրա դժգոհությունն իր վիճակից: Ժամանակի հետ փոխվում է և կնոջ ճաշակն ու պահանջները, ներկայումս ամուսինն ու զավակները բավական չեն մի կնոջ երջանկության համար, կան ուրիշ հոգեկան պահանջներ։ Ա՜հ, որքա՛ն Անուշը կփափագեր զբաղվել որևէ ոչ-ընտանեկան գործով։ Երեկ նա թատրոնումն էր, խաղում էին ինչ-որ նոր դրամա, ուր հերոսուհին ընտանեկան կյանքից ձանձրացած, ձգտում է իր հոգին զբաղեցնել հասարակական գործերով։ Անուշը հուզվել էր իր օթյակում և հազիվ էր կարողանում զսպել արցունքը։ Թվում էր նրան, որ եթե լիներ դերասանուհի, կարող էր այդ կնոջ դերը կատարել ավելի լավ, քան ովևէ։— Հավատացեք, ներկայումս ապրում են միայն դերասանուհիները, իսկ ինձ նմանները թշվառ են: