Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միքայելը լսում էր և հավանություն տալիս տիկնոջ ասածներին։ Նա արդեն համոզվել էր, որ Անուշը ոչ միայն չի սիրում իր ամուսնուն, այլև ատում է և բոլոր նրա ցանկություններն ու ձգտումները հենց այդ բանից են առաջանում։

Այդ օրից նա այլևս չէր աշխատում սանձահարել իր հետզհետե ավելի ու ավելի բորբոքվող կրքերը։ Այցելում էր Անուշին երկու-երեք օրը մի անգամ, յուրաքանչյուր անգամ որևէ պատրվակով և միշտ Պետրոսի բացակայությամբ...

V

Մի ամսում Սմբատն արդեն ծանոթացավ հոր գործերի հետ։ Ուսումնասիրելով նրանց, ավելի ու ավելի հետաքրքրվում էր ու հափշտակվում։ Միլիոնների ձեռնարկությունը, բացի նյութականից, պարունակում էր և մի տեսակ բարոյական հրապույր։ Նա, որ մի ամիս առաջ իր իշխանության տակ հազիվ ուներ մի աղախին, այժմ կանգնած էր մի ամբոխի գլուխ։ Հազարի չափ արհեստավորներ, բանվորներ, գործակատարներ նայում էին նրան, իբրև լիազոր իշխանավորի, որ կարող է իրենց բախտավորեցնել, եթե կամենա, կամ զրկել մի կտոր հացից։

Զարմանում էր Սմբատը հանգուցյալի բնական խելքի, տակտի, եռանդի, մանավանդ համբերության վրա։ Այդ տգետ մարդը, որ հազիվ սովորել էր իր անունն ու ազգանունը դնել բանկային չեկերի ու մուրհակների տակ, տարիների ընթացքում վարել էր մի ընդարձակ և բարդ գործ, որը հաջող վարելու համար քիչ էին մի խումբ համալսարանականների ու մասնագետների ուժերը։ Այդ մարդը կատարյալ տաղանդ է եղել իր տեսակի։

Հաճախ Սմբատն հիշում էր Միքայելի կծու կշտամբանքն իր անցյալ հայացքների վերաբերմամբ։ Այո՛, նա շատ անգամ էր ասել, թե մեր ժամանակում շիտակ միջոցներով հարստություն դիզելն անհնարին է, թե բոլոր հարուստները մի տեսակ վամպիրներ են, որ ծծում են մարդկության

Ալ. Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ, III—5