Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արյունը: Եվ ահա այսօր նա կանգնած է աշխատավորի արյուն-քրտինիքով վաստակած հարստության գլուխ: Ի՞նչ անել այժմ. հավատարիմ մնալ անցյալին, արհամարհելով բոլորը հանձնել եղբորն ու մնալ աղքա՞տ, ինչպես էր դեռ մի ամիս առաջ: Մի կողմից նա մտածում էր, եթե կամքի ուժ ունենա և բարոյական մաքրություն, այդպես պիտի անե, մյուս կողմից՝ նրան պաշարում էին մեկից ավելի ուրիշ մտածումներ։ Չէ՞ որ այդ հարստությունն անցնելով Միքայելի ձեռքը, կարող է ապարդյուն հալվել ու չքանալ մի քանի տարում։ Այնինչ, որքա՜ն բարի և օգտակար գործեր կարելի է կատարել նրանով, ու այդպիսով բարոյական գործադրություն տալ անբարոյական միջոցներով ձեռք բերված զենքին։ Եվ այս մտքով ոգևորվելով, զգում էր իր մեջ մի անսովոր եռանդ ու նոր, անծանոթ բարոյական զորություն։ Կարծես, մի նիրհած ու թմրած ուժ էր զարթնել նրա մեջ և զարկ էր տալիս ներվերին։ Մտքում կազմում էր տասնյակ միմյանցից մարդասեր, միմյանցից հրապուրիչ ծրագիրներ, որոնք հիմնված էին մարդկային թշվառություններն ամոքելու ցանկության վրա։ Նախ և առաջ կբարվոքի իր իշխանության ներքո գտնվող բանվորների վիճակը — ահա նրա առաջին և ինքնըստինքյան մեծ գործը։ Մի գործ, որ դեռ ոչ ոք չի արել հանքատերերից ու գործարանատերերից։

Նա ցերեկներն զբաղվում էր գործերով, երեկոները փակվում էր սենյակում, գրում, կարդում, ուսումնասիրում տնտեսական օրենքները։ Երբեմն անձնատուր էր լինում անձնական զգացումներին, դուրս էր բերում ծոցի գրպանից նվիրական լուսանկարները, զննում երկար ու երկար ժամանակ, հեռու էր պահում ու ժպտում, մոտեցնում էր ու համբուրում։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների. թվում էր նրան, որ վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և, կարծես անջատված է նրանցից հավիտյան։ Մոսկվա վերադառնալու մասին նա առայժմ չէր մտածում և եթե մտածեր էլ, չէր կարող վերադառնալ` այնքան առայժմ անհրաժեշտ էր տեղն ու տեղը մնալը։ Մնում էր գրել ու հրավիրել կնոջը՝ երեխաների հետ։ Բայց ինչպե՞ս բերել տալ