Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեղմում է իր պարտապանների կոկորդը։ Բայց սև նախանձը կուրացրել էր մարդկանց և հնարում էին ամեն ինչ, որ կարող էր քիչ թե շատ հանգստացնել կյանքի անհաջողություններից ժանգոտված ու թթված սրտերը։

Սանձարձակ ծաղրում էին, զրպարտում, հայհոյում քաղաքի առաջին միլիոնատիրոջ, սակայն միայն հետևից։ Իսկ երբ աղան, կլորիկ փորը դուրս ցցած, բադի պես աջ ու ձախ հրհրվելով, գնում էր փողոցով կամ անցնում էր խանութից խանութ և կամ կլուբ էր մտնում, ամենքն աշխատում էին որսալ նրա հայացքը, որպեսզի բարևեն խոնարհ և արժանանան նրա արհամարհական պատասխանին։ Այնինչ Մարկոսը, այդ նախկին ջրկիրը, դնռապանը, ինքը ոչ ոքի բարևին չէր սպասում, բացի մեկից և այդ մեկը երկրի իշխանն էր — նահանգապետը։ Քսանուհինգ տարի էր, որ վերադարձնում էր իր ինքնասիրության և պատվի կորուստները, ընդունելով ուրիշներից այն, ինչ որ ինքը քսանուհինգ տարի շարունակ շռայլել էր իրենից մեծերին ու զորավորներին։

Եվ ահա այսօր մեռնում է անվանի քաղաքացին, խելացի մարդը, տոկուն վաճառականը, որ ամբողջ կյանքն անց է կացրել անդուլ գործունեությամբ, քրտինքը ճակատին, խիղճը հանձնած երկաթե սնդուկին և հոգին գրպանը դրած։

Նրա բնակարանը գտնվում էր քաղաքի կենտրոնում։ Տունը, հարկավ, սեփական էր: Այդ մի երկհարկանի շինություն էր սրբատաշ քարից, տափած, կպրածածկ տանիքով։ Ստորին հարկը բաղկացած էր խանութներից ու գրասենյակներից, վերինն ամբողջովին Ալիմյաններինն էր։

Օգոստոսի չոր և ջերմ օրերից մեկն էր։ Արեգակը թեքվել էր դեպի մուտքը և նրա վերջին ճառագայթները ողողել էին բուսականությունից զուրկ, անհրապույր քաղաքը առջև տարածված ծովի մակերևույթը։ Ծանր ու ճնշող է այդ քաղաքի արտաքին տպավորությունը։ Հեռվից դիտողին նա իր տափակ տանիքներով, մերկ փողոցներով, պատկերանում է այնպես, որ կարծես մի սոսկալի հրդեհ լափել է բոլորը, ինչ որ կարող է լափել կրակից և թողել է մի վիթխարի