— Խնդրեմ, առանց վիրավորանքի,— արտասանեց Մարութխանյանը.— ի՞նչ իրավունքով ես ինձ խառնում այդ գործի մեջ։
Եվ պատասխան չստանալով ավելացրեց․
— Իմ միակ մեղքն այն է, որ ես Միքայելին հավատում եմ ավելի, քան քեզ։ Կոնտր-կտակն իսկական է և անժխտելի։ Իբրև իրավաբան ես համոզված եմ այդ բանում։
Սմբատի տրամադրությունը վայրկենապես մեղմացավ, ոչ երկյուղից, այլ մի ուրիշ մտքից։ Եթե նույնիսկ կեղծ է կոնտր-կտակը, կարող է մեծ աղմուկ բարձրացնել և դառնալ աղբյուր ով գիտե ի՜նչ չարիքների։
— Միքայել,— ասաց նա, աշխատելով լինել կարելույն չափ սառնասիրտ,— այդ մարդուն հավատ մի՛ ընծայիր. նա կարող է քեզ կործանել, ես այս ասում եմ առանց քաշվելու, իր ներկայությամբ։
Ասաց ու դուրս գնաց, իջավ ցած և մտավ տան ներքին հարկում գտնվող խանութներից մեկը։
Դա մի երկայն ու լայն սենյակ էր, բաժանված տախտակյա միջնորմով երկու մասերի — առաջին և հետին։ Հետին մասը ծառայում էր իբրև կացարան՝ քաղաքային գործակատարներից մեկի համար, իսկ առաջին մասը՝ գրասենյակ էր։ Այստեղ դրված էին մի քանի քայքայված, դեղնագույն պահարան և մի հնամաշ գրասեղան՝ մի քանի նույնչափ հնամաշ աթոռներով։ Դրամարկղ չկար։ Մի ուրիշ գրասեղան դրված էր խորքում։ Հատակի մի կողմը ծածկված էր զանազան հանքային ու գործարանային պարագաներով — խողովակներ, ծորակներ, պարանների կապոցներ և այլն։
Խորքի սեղանի մոտ նստած գրում էր մոտ քառասուն տարեկան մի մարդ, նիհար ու ժամանակից առաջ թառամած դեմքով։ Սմբատին տեսնելով, նա ոտքի կանգնեց ու բարևեց, երևան հանելով իր հասակի բարձրությունն ու մեջքի կորությունը։ Հագած էր նա երկայն մոխրագույն հնամաշ ռեդինկոտ, որի մաշված կոհակների արճիճագույն թիթեղիկները փայլում էին շքանշանների պես։ Ծնկների կողմում կուչկուչված անդրավարտիքի տակից երևում էին