Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկից ավելի անգամ կարկատված կոշիկների բերանները և այնտեղից ցցված ճերմակ գուլպաները։ Պարանոցին կապած էր մի սև թաշկինակ, յուղոտված ու փայլուն, որ նրան տալիս էր հիվանդի տեսք։ Մի ուրիշ գույնզգույն թաշկինակի ծայրը ցցվել էր ռեդինկոտի հետևի գրպանից։ Ընդհանուր առմամբ այդ մարդը կյանքից ծեծված մեկի տպավորություն էր գործում։

Սմբատը նստեց գրասեղանի քով և ստորագրեց մի քանի թղթեր, որ լռորեն նրա առջև դրեց կորամեջք մարդը, որ թե՛ գրասենյակի վարիչ էր, թե՛ գործակատար, թե՛ հաշվապահ։ Այնուհետև մարդը վերցրեց ստորագրված թղթերը և յուրաքանչյուրի տակ ստորագրեց իր անունը․

«Հաշվապահ՝ Դավիթ Զարգարյան»։

Հետո դուրս բերեց գրպանից մի կապ թղթադրամներ և դրեց Սմբատի առջև, ասելով․

— Ստացվել է երկու խանութպաններից։

— Պահեք ձեզ մոտ, վաղը կտաք,— ասաց Սմբատը։

— Ո՛չ, վերցրեք, ես չեմ կարող մոտս մի ժամ անգամ դրամ պահել։

Հաշվապահը հուզված էր երևում։ Նրա ամբողջ կեցվածքի մեջ նկատվում էին վրդովմունքի հետ նաև հպարտություն և վիրավորված ինքնասիրություն։

— Դարձյալ ի՞նչ է պատահել,— հարցրեց Սմբատը, որ արդեն բավական ճանաչել էր այդ մարդու բնավորությունը։

— Պարոն Սմբատ, վերցրեք այդ փողերը և այսուհետև ինձ ազատեք առհասարակ դրամի հաշիվներից։

Այս ասելով, Զարգարյանը խոշոր քայլերով սկսեց անցուդարձ անել։ Յուրաքանչյուր քայլին նրա վտիտ իրանը թեքվում էր առաջ այնպես, որ կարծես, ամեն անգամ ոտների տակ սողուն էր ջարդում։

— Ես ձեր միտքը չեմ հասկանում,— ասաց Սմբատը,— մի գուցե ես ձեզ վիրավորե՞լ եմ։

— Ո՛չ, պարոն Ալիմյան, դուք բավական կրթված եք ինձ նմաններին չվիրավորելու համար։ Ես ուղղակի սարսափում եմ ինձ մոտ փող պահելուց։

— Երևի վախենում եք կորցնե՞լ։