ուրիշի համար էժան գնել և ստանալ իր բաժին վարձը։ Մի քանի խմբակներ, Սմբատին ճանաչելով, պատկառանքով հետ քաշվեցին՝ նրան ճանապարհ տալու, ոմանք խոնարհ գլուխ տվեցին։
Սկզբում Սմբատն զգաց մի տեսակ արհամարհանք և նույնիսկ նողկանք դեպի այդ մարդիկ։ Ահա ձրիակերների մի ավելորդ տարր, մի տեսակ խոց հասարակական մարմնի վրա։ Ընկերական շրջաններում, ուսանողական որոշ խմբերի ազդեցությամբ, շատ անգամ էր դատապարտել տնտեսական աշխարհի այն տարրերը, որոնք ո՛չ աշխատավորներ են, ո՛չ արդյունաբերողներ։ Այժմ արհամարհանքը փոխվեց մի այլ զգացման։ Արդյոք արդարացի՞ է թեկուզ այդ խումբ-խումբ ժողովված մարդկանց դատապարտել իբրև պարազիտների։ Արդյոք թեթևամտություն չէ՞ երևույթը պարսավել առանց պատճառները քննելու։ Եթե միջնորդը պարազիտ է — պարազիտ է նաև արդյունաբերողը, հանքատերը, գործարանատերը, կալվածատերը, վաճառականը, խանութպանը, ուրեմն և ինքը՝ Սմբատը․․․
Նա զգաց, որ իր մտքերը գնում են հեռու, շատ հեռու, թափանցելով քաղաքատնտեսության խորքերը։ Շփոթվեց ինքն իր մտքերից, զգաց մի տեսակ ամոթ իր մտավոր և բարոյական աշխարհի առջև։ Այդ պահին նա կանգնած էր երկու մրդու միջև. մեկն այժմյան Սմբատն էր, մյուսը՝ մի երկու ամիս առաջվա Սմբատը, մեկը՝ միլիոնների ժառանգը, մյուսը՝ այն աղքատ երիտասարդը, որ իր ընտանիքը պահում էր մասնավոր դասերով, հորից անիծված, գերդաստանից աքսորված, նպաստից զրկված։
Որի՞ն մոտենալ, որի՞ հետ ձուլվել առմիշտ, ո՞րն է բարվոքը — հարստությունից, մնալ հավատարիմ տեսականին և անզեն, թե՞ լինել հարուստ, զորավոր, ինքնիշխան։ Հարցն անլուծելի էր։
Հանկարծ նա ցնցվեց։ Նա հիշեց Միքայելի կոնտր-կտակը, որի մասին մոռացել էր։ Այո՛, եթե այդ կտակն օրինական է,— խնդիրը կլուծվի ինքնըստինքյան, առանց նրա կամքի։ Նրան նորեն կարտաքսեն գերդաստանից, նորեն կմնա նույնը, ինչ որ էր երկու ամիս առաջ։ Այն ժամանակ