Միքայելն էր, որ Սմբատին տեսնելով, հեռացավ սրահի հեռավոր անկյունը։
Վինտն ընդհատվեց։ Նստեցին «բակարա» խաղալու: Նորեկները, առանց «ոսկե ժամանակը կորցնելու», միացան խաղացողներին, բացի Սմբատից, որ կյանքում երբեք թուղթ չէր խաղացել։ Քյազիմ-բեգը չհամարձակվեց թախանձելու նրան, որ խաղա։
Սկզբում խաղացողները սառն էին, դնում էին քարտին տասնական-քսանական ռուբլի և ոչ ավելի։ Զսպողը սպան էր։ Նա շատ դրամ չուներ. մյուսներն էլ խաղում էին զգույշ, խաղի «էտիկան» պահպանելու համար։ Վերջապես սպան տանուլ տվեց ինչ որ ուներ, ոտքի ելավ, որով և մեծ հաճույք պատճառեց քնահարբ Մոսիկոյին։ Շուտով բոլորը տաքացան։ Միքայելը տանուլ էր տալիս, Մելքոնը նույնպես։ Քյազիմ-բեգը դադարեց խաղալ, վեր կացավ, գրկեց Սմբատին և միասին դուրս եկան պատշգամբ։
Միքայելն սկսեց հուզվել ու կատաղել թղթերի դեմ։ Տասնումեկ անգամ միմյանց հետևից նրա թուղթը «խփեցին»։ Ո՛չ, այդ անկարելի է, տնաքանդություն, հազիվ կարողացել է մի քանի հազար ռուբլի գտնել պարտքով և ահա կեսից ավելին գնաց։ Պետք է «ձեռքը փոխել»։ Քանի խաղը փոքր էր, տանում էի, իսկ այժմ։
— Նիկոլայ Լուկիչ,— դարձավ նա սպային, որ նախանձոտ աչքերով հետևում էր խաղացողներին` նման անոթի մեկին, որ մասնակից չէ ճոխ սեղանին,— նստեցե՛ք։
Սպան թեքվեց, և Միքայելը նրա ձեռի մեջ դրեց մի բուռը թղթադրամ, ավելացնելով.
— Քաջ խաղացեք...
Տասը րոպե չանցած սպան մաքրվեց, իսկ Միքայելը, որ իր բախտը կապում էր նրա մասնակցության հետ, շարունակ տանուլ էր տալիս։
Արդեն ամենքը բորբոքվել էին։ Այլևս ոչ ոք հաշվի չէր առնում բանկոմետի առաջարկը, դնում էին որքան նա կանչում էր։ Դեմքերը կարմրել էին, աչքերը վառվել, սրտերը բաբախում էին հուզումից, այն ինքնատեսակ հուզումից, որ հատուկ է միայն թղթախաղին և որն է իսկական պատճառը,