Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ դրդում է խաղամոլին տասնյակ ժամերով շարունակ և անդադար խաղալ։ Մի գրգիռ, որ ունի իր հաճույքը։

Սմբատը ներս էր եկել և հետաքրքրված դիտում էր Միքայելին։ Հետաքրքրականը եղբոր տանելը կամ տանուլ տալը չէր, այլ հոգեկան դրությունը: Նկատում էր, որ թղթախաղը Միքայելին բոլորովին այլափոխել է։ Աչքերը կարմրել են, պսպղում են վառ ածխի պես, քթի պնչերը դողդողում են` նման արաբական նժույգի ռնգերի, ամբողջ էությունը տակն ու վրա է եղել։ Դեմքը գունատվել է թղթի պես և կուրծքը բարձրանում-իջնում է փուքսի նման։ Սմբատին չի նայում, խաղում է խելագարի պես, մերթ տալով, մերթ վերցնելով հարյուրանոցները։ Մեկը ևս մաքրվեց և Քյազիմ-բեգը բռնեց նրա տեղը։ Սմբատն զգաց, որ ինչ-որ դիվային ուժ մղում է նրան դեպի խաղի սեղանը։ Ամեն անդունդ ունի ձգողական զորություն, որին դիմադրելը մի տեսակ հերոսություն է։ Արդեն նա սովորել էր դյուրին խաղը և կարող էր մասնակցել։ Մերթ ընդ մերթ հուզվում էր մեծ գումարով խաղացողների հետ, երբեմն զայրանում էր մեկի կամ մյուսի անհաջողության դեմ։ Հրապույրը քանի գնում, այնքան անհաղթելի էր դառնում։ Հանկարծ նա, մի ձեռը տանելով ծոցի գրպանը, մյուսը դրեց սեղանի վրա և ասաց.

— Փորձի համար։

Բանկոմետը Մոսիկոն էր, որ արթնացել էր, վառվել և ամենից թունդ էր խաղում։ Նա եռապատկեց գումարը։ Սմբատը թուղթը վերցրեց։ Միքայելի գունատ դեմքով սահեց մի հեգնական ժպիտ։ Սմբատը ձգեց սեղանի վրա վեց հատ հարյուրանոց. նա տանուլ տվեց։ Վերցրեց երկրորդ թուղթը, դարձյալ տանուլ տվեց։ Երրորդ թուղթը զարկեց և հեռացավ սեղանից։

Վրացի իշխանը բոլոր ունեցածը տանուլ տվեց և այժմ խաղում էր «կավիճով»։

— Պապաշա, տեղդ ինձ տուր,— դարձավ Մելքոնը նախկին խոհարարին, որ տանում էր։

— Ես ըը պառավ մարդ եմ, ես ըըը վեր կենալ չեմ կարող,— ասաց Պապաշա կոչվածը, որ երկու խոսք ասելիս երեք անգամ կմկմում էր։