Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդիկ զո՞ւրկ են պատվո զգացումից, որ միմյանց ցեխի մեջ թավալելով, մի ժամ հետո համբուրվում են։

Միքայելը ևս կորցրել էր իր գլուխը, այնքան դերասանուհին հափշտակել էր նրան իր քաղցր, իմաստալի ժպիտներով և ձայնի գրգռիչ հնչյուններով։ Մերթ ընդ մերթ փորձի համար թևը սեղմում էր հարևանուհու թևին, և փորձերը զգալի ընդդիմության չէին հանդիպում։

— Ե՞րբ է ձեր բենեֆիսը,— հարցրեց նա։

— Առաջիկա կիրակի։

— Կարո՞ղ եմ հուսալ, որ այդ օրն ինձ հետ կճաշեք։

— Հաճույքով։

— Եվ կընթրե՞ք։

— Այդ մասին խոսք տալ չեմ կարող։ Կախված է հասարակության վերաբերմունքից, գուցե ինձ հրավիրեն խմբովին։

— Թույլ կտա՞ք, որ իմ պարտքը կատարեմ այժմ իսկ։

— Ի՞նչ եք կամենում ասել։

— Ահա,— պատասխանեց Միքայելը և իր ձագ մատից հանելով ադամանդյա մատանին, խնդրեց երգչուհուն թույլ տալ մատին հագցնելու։

Գեղեցկուհին շփոթված ձևացավ, նայելով մատանու գրավիչ քարին, որ փայլում էր աստղի շողերով։ Ո՛չ, ո՛չ, նվերները նա սովորաբար գեղարվեստի տաճարումն է ընդունում։ Բայց, ա՜խ, ի՜նչ հրաշալի ադամանդ է և ի՛նչ լավ շինվածք։ Օ՜, ո՛չ, չի՛ վերցնիլ, ի՞նչ կասե Սմբատ Մարկիչը։

— Տեսեք, ինչպես է նայում...

Միքայելի ինքնասիրությունը գրգռվեց։ Նա անկախ մարդ է, ոչ մի եղբայր չի կարող նրա վրա իրավունք բանեցնել։ Եվ նվերը հենց այդ նպատակով է անում ընկերների ներկայությամբ, որ ապացուցանե, թե ազատ է, ինքնագլուխ։ Նա արդեն բոլորին հայտնել էր հոր կոնտր-կտակի մասին։ Վճռված էր վաղը վերջին անգամ Սմբատին առաջարկել կամավոր ընդունել այդ կտակի օրինավորությունը, հակառակ դեպքում գործը վաղն իսկ պիտի հանձնվեր դատարանին։