— Գրիշա՛, օգնի՛ր ինձ,— դիմեց Միքայելն ընկերոջը։
— Ներեցեք, Ելենա Անաստասիևնա,— ասաց Գրիշան, բռնելով երգչուհու ցուցամատը՝ մատանին հագցնելու համար,— մենք կոշտ ու կոպիտ կովկասցիներ ենք, երբ խոսքը չի ազդում, դիմում ենք ուժի օգնությանը...
— Ասացեք պարզասիրտ և անկեղծ ասպետներ եք, մի՞թե կարելի է ձեզանից վիրավորվել,— ասաց երգչուհին, թույլ տալով, որ մատանին հագցնեն իր մատին։
Սակայն մատանին ցուցամատին չանցավ, հագցրին ձագ մատին։
— Ի՜նչ նուրբ ձեռներ ունեք, ի՜նչ հրաշալի,— արտասանեց երգչուհին, շոյելով Միքայելի մատները։
Այս թեթև փաղաքշումը լիովին վարձատրեց Միքայելին՝ թանկարժեք նվերի փոխարեն։
— Այդ ի՞նչ եք քչփչում այդտեղ,— գոչեցին այս ու այն կողմից։
— Ոչինչ,— ծիծաղեց երգչուհին,— ձեռս դանակով կտրեցի, Միխայիլ Մարկիչը վերքս փաթաթեց։ Եվ, մատը բարձրացնելով օդի մեջ՝ ցույց տվեց թանկարժեք նվերը։ Այսպիսով՝ նա ցանկանում էր շարժել ամենքի նախանձը, բայց չհաջողվեց։ Ոմանք ծաղրեցին Միքայելի թեթևամտությունը. ի՞նչ կարիք կա բենեֆիսից առաջ նվերներ տալու. դա մեշչանական սնամոլություն է։
Սմբատն ամաչեց եղբոր արածից, սակայն շտապեց զսպեք իր դժկամությունը։ Այլևս բոլորը հարբել էին, բացի հույնից և հրեաներից։ Լեհացին շտապեց հեռանալ աննկատելի։ Սրահը լցվել էր ծխախոտի ծխով, կերակուրների ծանր հոտով։
— Ախ, շատ շոգ է,— ասաց երգչուհին, հասկացնել տալով, թե ժամանակ է վեր կենալու։
Բանն այն է, որ ծխախոտի ծուխը վնասում էր սնգույրին, իսկ շոգից պուդրը շարունակ իջնում էր, և նա ստիպված էր ամեն րոպե նորեն բամբակը դուրս բերելու քսակից։
— Այո՛ շոգ է— կրկնեց Մոսիկոն, կամենալով բաճկոնը հանել։ Նրա ձեռները բռնեցին և արգելեցին։