Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արարած, ո՛չ մի կենդանի առարկա չէր երևում ծովափում, բացի այդ սև և վիթխարի մարդուց, որ գիշերվա ուրվականի նման հսկայական քայլերով շտապում էր դեպի առաջ, խորը ավազի մեջ թաղելով յուր ոտները։ Հանկարծ նա կանգնեց, կարծես, մի բան մտաբերելով և, երկու ձեռները մեքենաբար խփելով ճակատին, մի րոպե անշարժ մնաց։

— Տեր աստված, եղբայրս և փոքր որդիս հրդեհից քիչ առաջ պառկել էին քնելու... բայց ո՞րտեղ... այո՛, այո՛․․․ հիշում եմ, հենց այն կողմում... ուր որ կաթսան տրաքվել էր... Նրանք, չդիմանալով մեր ընդհանուր սենյակի ցրտին, այս գիշեր տեղափոխվել էին կաթսաների բաժինը՝ վառարանի մոտ քնելու: Տեր աստված, ի՞նչ կպատահի նրանց, եթե ժամանակին չեն զարթնել... այրվող նավթը ուղղակի նրանց կողմն էր դիմում... նրանք աչքովս չընկան։

Երկնակամարը կրակի լուսից շառագունել էր, քամու զորութենից բոցը կատաղաբար այս ու այն կողմն էր տարածվում... ամբողջ Սև քաղաքը ծխի մեջ թաղվել էր։ Լրաբերը սկսեց յուր հոգնած ոտներին ուժ տալ:

Տեղ հասնելով, Իվան Գրիգորիչի աոաջին հայացքը հազիվ կարողացավ ճանաչել կրակի և ծխի մեջ կորած գործարանը։ Սև քաղաքի հասարակությունը պատել էր հրդեհը, շուրջը կազմելով մի օղաձև շրջան, որի մեջտեղը այրվում էր մի ընդարձակ խարույկ։ Այս ու այն կողմերից վազում էին մարդիկ, որոնց մրոտ դեմքերի վրա ոչինչ զարմացման նշաններ չէին նկատվում։ Այդպիսի և սրանից ավելի զորեղ հրդեհներ նրանց համար սովորական դեպքեր են։

— Աստված սիրեք... մոտեցեք... օգնեցեք... մի՛ վախենաք... ես փող կտամ, կվարձատրեմ օգնողներին,— եղավ Իվան Գրիգորիչի աոաջին բացականչումը, որ գլխակոր վազելով ամբոխի միջից ձգտում էր դեպի կրակը։

— Մի՛ մոտենաք, աղա՛... աոաջ մի՛ վազեք, վտանգալի է,— գոչեցին այս ու այն կողմից ամբոխի միջից, հետ մղելով նրան։

Բոցը երկու զորեղ մասերի էր բաժանվել։ Մեկը դուրս էր գալիս միհարկանի տան փլատակված կտուրից, դռներից ու պատուհաններից։ Այրվում էր յուղ մաքրելու բաժինը։