Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մյուսը — տասնուհինգ քայլ հեոավորութենում մի գետնափոր շինության միջից դուրս ձգվելով, սրընթաց բարձրանում էր ամբողջ շինության տարածության չափով։ Բոցավառվել էր նավթային մնացորդի պահեստը։ Իսկ այս երկու բոցաշտարակների մեջտեղը ներկայացնում էր կատարյալ իրական ոժոխք։ Այս — կաթսաների բաժինն էր, որտեղից առաջին անգամ կրակը սկսվելով տարածվել էր. ո՛չ մի առարկա կրակի ճանկերից չէր ազատվել։ Բացի մի քանի երկաթե կաթսաներից, որոնք իրանց միջի դյուրաբորբոք, կիսապատրաստ-ֆոտոգենի հանկարծակի բոցավառության ճայթումից պատռվելով այս ու այն կողմ էին գլորվել— ամեն ինչ մոխիր դառնալու վրա էր։

Խորտակված պատերի ճեղքերից թանձր ու սև ծուխը դուրս գալով, ոլոր-մոլոր պտուտներով միանում էր բոցի լայնաշրջան աշտարակի հետ, ինչպես փոքրիկ գետակները հոսում են ընդարձակ գետի մեջ, զորացնելով նրա կատաղի ընթացքը։

Գործարանի բակը ծածկված էր խառնիճաղանջ ամբոխով.․. ոտ դնելու տեղ չկար։ Իվան Գրիգորիչը բազմության առաջ կանգնած կարգադրություններ էր անում: Ամբոխի միջից մի քանիսը զանազան խորհուրդներ էին տալիս նրան։

— Այդ միջոցներով անհնարին է բան առաջացնել, հարկավոր է Նոբելի գործարանից հրաշեջ նասոսներ բերել տալ,— ասում էր մեկը։

— Այո՛, այո՛, միայն Նոբելի գործիքները կարող են այդ կրակին հաղթել,— ավելացնում էր մի ուրիշը։

Սրանք հարևան գործարանատերերն էին, որոնք ոչ այնքան Իվան Գրիգորիչի մասին էին հոգում, որքան վախենում էին, որ միգուցե հրդեհը մինչև իրանց գործարանները հասնի։

Իվան Գրիգորիչը չէր լսում նրանց։

— Օգնեցեք... շտապեցեք... ես փող կտամ... ջուր հասցրեք, ի՞նչ եք սառել... անպիտաններ... քանդեցիք դուք իմ տունը, սրիկաներ... գողեր... ավազակներ,— անդադար հայհոյում էր նա մշակներին, շվարած այս ու այն կողմ վազվզելով։